Կրթությամբ իրավաբան Ա. Ավանեսյանն ասում է՝ այո, օրենքը խախտել ենք, որոհետև պետք էր
«Մարդիկ պրակտիկանտների, նոր ընդունվող աշխատակիցների աշխատանքն են համակարգել, և դրա համար դուք օրենքի խախտումով մարդկանց պարգևատրում ենք 2 մլն դրամ, ավելին՝ ասում եք՝ հա, օենքը խախտել ենք, բայց քանի որ այդ մարդիկ արժանի էին, վճարել ենք»,-ԱԺ Առողջապահության և Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Պատգամավորը հիշեցրեց, որ Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրության մեջ ասվում է, որ փորձաշրջան անցնող նորանշանակ աշխատակիցների աշխատանքները համակարգելու համար թվով 4 աշխատակցի Առողջապահության նախարարությունը օրենքի խախտումով պարգևատրել է 2 մլն դրամով:
«Նախարարը, պետական բարձրաստիճան պաշտոնյան, կրթությամբ իրավաբանն ասում է՝ այո, օրենքը խախտել ենք, որոհետև պետք էր»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը և հարցրեց, թե նման դեպքերում ավելի ճիշտ չէր լինի դիմեին և աշխատավարձի ֆոնդը բարձրացնեին, ոչ թե օրենքը խախտեին:
«Հայաստան» խմբակցության պատգամավորը ընթերցեց հաշվեքննիչ պալատի հայտնաբերած մեկ այլ խախտում, որում արձանագրված է, որ սոցիալապես անապահով և առանձին խմբերի բժշկական օգնություն ծրագրից 70 մլն դրամ պակասեցվել է և ուղղվել է դրամական խրախուսումների հատուկ վճարների հոդվածին:
«Ստացվում է, որ սոցիալապես խոցելի անձանց բժշկական ծառայությունները նվազեցրել եք, որպեսզի ստանա՞ք դրամական խրախուսում»,-հարցրեց Արթուր Խաչատրյանը:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ այդտեղ խնդիր չի տեսնում:
«Օրենքի և ընթացակաչգի խախտում չկա, որ պահպանելով որոշակի ծրագրերի արդյունքային ցուցանիշները, խնայված միջոցներն ուղղվել են աշխատավարձային ֆոնդին»,-պատասխանեց նախարարը:
Նրա խոսքով՝ կապված համաճարակային և հետպատերազմյան վիճակի հետ՝ նախարարությունը նպատակահարմար է գտել իր աշխատակիցներին պարգևատրել:
«Ուզում եք ասել, որ ամենախոցելի խավից գումարը վերցնել և ուղղել պարգևավճարներին, եթե օրենքը թույլ է տալիս, ճի՞շտ է»,-արձագանքեց Արթուր Խաչատրյանը: