«Hexact»-ի թիմը փոխում է մարդկանց մոտեցումները՝ տեխնոլոգիաներից օգտվելու գործում
ՏՏ ոլորտը շարունակում է մնալ ամենահեռանկարայիններից մեկը Հայաստանում։ Իսկ ինտերնետն ամբողջ աշխարհում մարդկանց համար դարձել է առօրյա կյանքի անբաժան մասը։ Սակայն համացանցից օգտվելիս հաճախ չենք կարողանում գտնել անհրաժեշտ ինֆորմացիան կամ համադրել այն, վերլուծել, իսկ շատ հաճախ այդ ամենն անելու համար երկար ժամանակ է պահանջվում, և ստիպված փորձում ենք դիմել ծրագրավորող ընկերների օգնությանը։
Ծնունդով ամերիկյան, իսկ մտքով և մոտեցումներով հայկական «Hexact» ընկերությունը փորձում է օգնել սովորական մարդկանց՝ հեշտացնելով նրանց համացանցից օգտվելու գործը։
Հայ գործարարների հիմնած «Hexact»-ը սկսել է իր գործունեությունը 2019-ին: Ընկերության հիմնադիրները գրասենյակ են բացել նաև Հայաստանում։ «Hexact»-ի պրոդուկտների ծրագրային ապահովումն ու զարգացումը հիմնականում իրականացնում են հայաստանցի մասնագետները, սակայն կան նաև այլ երկրներում թիմակիցներ։ Ներկայում ընկերության աշխատակիցների թիվը 40-ից ավելի է։
Գործունեության երեք տարիների ընթացքում ստեղծելով տեխնիկապես ուժեղ թիմ՝ «Hexact»-ը ներկայանում է նոր պրոդուկտներով, նոր լուծումներով և կարճ ժամանակում կարողացավ լայն տարածում գտնել, իր դիրքերն ամրապնդել ոչ միայն ՏՏ աշխարհում, այլև հաճախորդների մեծ բանակ հավաքել։
Այսպիսով, «Hexact»-ի օգնությամբ համացանցում որոնումներ, թարգմանություններ, տվյալների թարմացում և հազարավոր այլ գործողություններ ու ավտոմատացումներ կարող են անել այն մարդիկ, որոնք գաղափար չունեն ծրագրավորումից։ Ընկերության գործունեության հիմնական ուղղություններն են՝ տվյալների հավաքագրում, վերլուծություն և պրոցեսների ավտոմատացում։
Ինչպես ստեղծվեց «Hexact»-ը
«Hexact»-ի հիմնադիր տնօրեն Ստեփան Ասլանյանը մասնագիտությամբ բժիշկ է, բայց գրեթե 20 տարի գործունեություն է ծավալում ՏՏ ոլորտում։
«Եկավ մի օր և հասկացանք, որ պետք է ստեղծել այնպիսի պրոդուկտ, որը հնարավորություն կտա մարդկանց ավելի հեշտ օգտվել համացանցից։ Իրականում մեզ անհրաժեշտ ինֆորմացիան գտնելու համար երբեմն երկար ժամանակ ենք ծախսում համակարգչի դիմաց, շատ հաճախ մարդիկ անում են կրկնվող գործողություններ՝ օգտագործելով տարբեր գործիքներ։ Եւ միտք առաջացավ ունենալ այնպիսի պրոդուկտ, որը կփոխի տեխնոլոգիաներից օգտվելու վերաբերյալ պատկերացումները և ծրագրավորման գիտելիքներ չունեցող մարդիկ կկարողանան առանց որևէ մեկի օգնության օգտվել մի շարք տեխնոլոգիաներից ու ծառայություններից»,- ասում է Ստեփան Ասլանյանը։
Նրա խոսքով՝ այդ կրկնվող գործողությունները ծրագրավորողների մեծ մասը չեն անում, քանի որ իրենք գիտեն դրանց լուծումները, իսկ «սովորական» մարդկանց համար դա լուրջ խնդիր է, երբեմն նաև հոգնեցնող և շատ ժամանակատար։ Ուստի, ստեղծեցին այնպիսի պրոդուկտ, որ մարդիկ ևս կարողանան օգտագործել բարդ լուծումներ տվող գործիքներ։
«Օրինակ, եթե ուզում եք որևէ մի շուկայում վերլուծություն անել, դրա համար սկսում եք համակարգչով ուսումնասիրել տարբեր կայքեր, դրանց սոցցանցերը, տվյալների բազաները։ Այսինքն՝ բազմաթիվ գործողություններ եք անում մինչև կարողանում եք համադրել ձեզ անհրաժեշտ ինֆորմացիան։ Իսկ մեր պրոդուկտի՝ «Hexomatic»-ի շնորհիվ, կարող եք մեկ քլիքով ստանալ ամբողջ տեղեկատվությունը։ Պրոդուկտից հիմնականում օգտվում են այն մարդիկ, որոնք գնահատում են իրենց ժամանակը։ Կարևոր է, որ արհեստական բանականության օգտագործումը բոլորի համար՝ մանկավարժ, ոստիկան, լրագրող, բիզնեսմեն, լինի հասանելի։ Ի վերջո ինչի պետք է միայն ծրագրավորողներն ունենան հասանելիություն այսօրվա տեխնոլոգիաներին»,- նշում է ընկերության հիմնադիր տնօրենը։
Դիրքավորվելով անգլալեզու շուկայում, Hexact-ի պրոդուկտները հիմնականում վաճառվում են ԱՄՆ-ում, Կանադայում, Ավտրալիայում, Եվրոպայում, իսկ Հայաստանում օգտատերը քիչ են։
Hexact-ի Զարգացման տնօրեն Արմեն Ավագ Ավագյանը նշում է, որ երեք տարվա պատմություն ունեցող ընկերությունը բավականին ինտենսիվ զարգանում է։
«Hexact»-ը ներկայում 160 երկրում ունի 50,000-ից ավելի ակտիվ օգտատեր։ Իր պրոդուկտների վաճառքների հաշվին ընկերությունը 2021 թվականն ամփոփել է տպավորիչ արդյունքով՝ տարեկան հասույթը աճել է 400 տոկոսով։
Նրա խոսքով՝ նախատեսում են մինչև տարեվերջ աշխատողների թիվը հասցնել 100-ի, իսկ դա նշանակում է, որ միայն Հայաստանով չեն բավարարվելու։
«Հիմա ակտիվ աշխատանքներ են տարվում ԱՄՆ-ում գրասենյակ բացելու ուղղությամբ։ Նաև ուսումնասիրել ենք և սկսել ենք գործունեություն ծավալել Արգենտինայում, որտեղ լավ կադրեր կան։ Աշխարհն անընդհատ փոխվում է, հատկապես համավարակից հետո հասկացանք, որ պետք է ճկուն լինել, կարող ես ապրել մի երկրում, բայց աշխատել այլ երկրի ընկերության համար։ Միակ տարբեությունը ժամային գոտին է, բայց դրա լուծումն էլ կա»,- ընդգծում է Արմեն Ավագ Ավագյանը։
Ովքե՞ր են հեքսաքթցիները
«Երիտասարդ և դինամիկ տեխնոլոգիական թիմ»,- այսպես է իրենց թիմին ներկայացնում «Hexact»-ի Մարդկային ռեսուրսների ղեկավար Անի Երիցյանը։
«Մեր թիմի անդամ կարող են դառնալ այն մարդիկ, որոնք ունեն համապատասխան մասնագիտություն, բայց կարևորը՝ հաշվի ենք առնում նաև մեր աշխատանքային մշակույթին համապատասխանությունը։ Դա նշանակում է լինել ճկուն, չվախենալ մարտահրավերներից, սովորել և միշտ ձգտել իրենց աշխատանքում լինել լավագույնը»,- ասում է Անին։
Ինչո՞ւ դառնալ «Hexact»-ի անդամ
«Ցանկացած աշխատող կարող է աճ գրանցել։ Այստեղ բոլորը տեղյակ են, թե ինչ է կատարվում ընկերությունում, թե մեր պրոդուկտները ինչպես են ստեղծվում, վաճառվում, ինչն ենք հաշվի առնում, ինչ փոփոխություններ ենք անում։ Եւ կապ չունի իրենք տվյալ աշխատանքում ներգրավված են, թե ոչ։ Եվ մեր մասին ինֆորմացիա տարածող դեսպաններն առաջին հերթին հեքսաքթցիներն են, որոնց շնորհիվ իրենց շրջապատի մարդիկ ևս դառնում են մեր թիմակիցները»,- նշում է Անի Երիցյանը։
Ինչպես են ստեղծվում «Hexact»-ի պրոդուկտները
Վերոնիկա Ջաղինյանը Hexact -ի front-end թիմի ղեկավարն է։ Նա ծրագրավորող է՝ շուկայագետի կրթությամբ։ Ավելի քան երկու տարի աշխատում է «Hexact»-ում, իրեն զգում է ինչպես ընտանիքում և խոստովանում է, որ հենց այստեղ է ձեռք բերել հմտություններ, գիտելիքներ, որոնք փորձում է նաև փոխանցել նորեկներին։
Նա նաև կարևորում է, որ «Hexact»-ում ոչ միայն լսում են, այլև հաշվի են առնում կարծիքները, բոլորը հավասար են, իսկ դա թիմ դառնալու առաջին նախապայմանն է։
««Hexact»-ում աշխատելն իսկապես հաճույք է։ Մեր աշխատանքային գրաֆիկը բավականին խիտ է, բայց եթե աշխատանքդ չսիրես, ապա օրը դժվար կանցնի։ Իսկ մենք այդ դժվարությունը, անգամ հոգնածությունը չենք զգում՝ հատկապես, որ օրվա վերջում հասնում ենք մեր ուզած արդյունքին»,- նշում է Վերոնիկան։
«Ընկերությունը պարբերաբար կազմակերպում է հաքաթոններ, որոնց ընթացքում քննարկում ենք գաղափարներ։ Դրանք պետք է կյանքի կոչել մեկ օրում և արդյունքում ստեղծվում է նոր պրոդուկտ։ Իսկապես հետաքրքիր է, այդ ժամանակ դու սկսում ես ստեղծագործել, կտրվել ամեն ինչից և մեկ գաղափարից ստեղծում ես մի մեծ պրոդուկտ։ Այո, կոդ գրելը ևս ստեղծագործական աշխատանք է»,- ասում է Վերոնիկան։
«Hexact»-ի անհատական մոտեցումը հաճախորդին
Ընկերությունում ուսումնասիրում ու վերլուծում են յուրաքանչյուր օգտատիրոջ կարծիքը, որի շնորհիվ էլ կարողանում են անհատական մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ:
Ըստ Hexact-ի Ծրագրերի ղեկավար Լուսինե Դանիելյանի, օգտատերերի հետ կապն իրականaցվում է մի քանի տարբերակով։
«Մեզ գրում են սոցիալական ցանցերում, ինչպես նաև ունենք online chat, որը գրեթե 24/7 է աշխատում։ Օգտատերը կարող է ցանկացած ժամի մեզ գրել և ստանալ իրեն անհրաժեշտ ինֆորմացիան»,- ասում է Լուսինեն։
Նրա խոսքով՝ օգտատերերի հարցերը տարբեր են՝ այդ թվում, պրոդուկտները կիրառելու մասին։ Նրանց համար նաև պատրաստել են տեսա-ուղեցույցներ, թե ինչպես օգտվեն գործիքներից։
Լուսինեն ասում է, որ անընդհատ ստանում են օգտատերերի դրական արձագանքները, բայց եղել են նաև բողոքներ, որոնք անմիջապես ուսումնասիրում են, շտկում և կատարելագործում պրոդուկտները։
«Մենք ստեղծում ենք պրոդուկտ ոչ թե օգտատիրոջ համար, այլ պրոդուկտ՝ օգտատիրոջ հետ միասին։ Այսինքն՝ մեզ համար մեծ նշանակություն ունի յուրաքանչյուրի կարծիքը։
Հետաքրքիր է շփվել տարբեր երկրների, ազգությունների մարդկանց հետ։ Մի անգամ օգտատերերից մեկը հարցրեց, թե որտեղ ենք աշխատում, երբ ասացինք՝ Հայաստանում, նա նշեց, թե հաստատ մեր երկրի ջրի մեջ ինչ-որ յուրահատուկ բան կա, որ բոլորը լավն են և ցանկացած հարց կարողանում են արագ լուծել։ Նաև եղել են դեպքեր, որ հարցրել են՝ ընկերությունն ինչ նոր պրոդուկտ է նախատեսում ստեղծել։ Ներկայացնելուց հետո 160 հազար դոլարի վաճառք ենք ունեցել՝ ընդամենն ասելով, որ աշխատում ենք «Hexomatic» ավտոմատացման հարթակ ստեղծելու ուղղությամբ»,- ասում է Լուսինեն։
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան