Այսօր մեզ հիբրիդային, տոտալ պատերազմ են հայտարարել. Լավրով
Ռուսաստանի դեմ տոտալ պատերազմ է հայտարարված, Արևմուտքը չի թաքցնում, որ իր քաղաքականության նպատակը ռուսական տնտեսությունը խեղդելն ու ոչնչացնելն է։ Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր մեզ իսկական հիբրիդային պատերազմ են հայտարարել, «տոտալ պատերազմ»։ Այդ տերմինը, որն օգտագործել է հիտլերյան Գերմանիան, այժմ արտասանում են եվրոպական շատ քաղաքական գործիչներ, երբ խոսում են այն մասին, թե ինչ են ուզում անել Ռուսաստանի Դաշնության հետ։ Նպատակները չեն թաքցվում, նրանք հրապարակայնորեն հայտարարում են՝ ոչնչացնել, խեղդել ռուսական տնտեսությունն ու Ռուսաստանն ընդհանրապես», - նշել է դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։
Նախարարը նշել է, որ այս «պատժամիջոցային ամենաթողության» մեջ ակնհայտ է դառնում, որ բոլոր արժեքները, որոնք արևմտյան գործընկերները քարոզել են Ռուսաստանին՝ խոսքի ազատություն, շուկայական տնտեսություն, մասնավոր սեփականության անձեռնմխելիություն, անմեղության կանխավարկած, արժեք չունեն։