Բլինկենը մերձավորարևելյան շրջագայության ընթացքում մտադիր է քննարկել Իրանի հարցը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն իր առաջիկա մերձավորարևելյան շրջագայության ընթացքում մտադիր է քննարկել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորումը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հինգշաբթի օրը հատուկ ճեպազրույցում լրագրողներին հայտնել է Մերձավոր Արևելքի հարցերով փոխպետքարտուղարի օգնական Յաել Լեմպերթը։
Բլինկենի ուղևորությունը կտևի մարտի 26-ից 30-ը: Այն կսկսվի Իսրայելից, որտեղ ամերիկյան դիվանագիտության ղեկավարը կհանդիպի այդ պետության ղեկավարության հետ։ Այնուհետև նա կմեկնի Ռամալլա, որտեղ բանակցություններ կվարի Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Դրանից հետո պետքարտուղարը կայցելի Մարոկկո և Ալժիր։
«Ես ակնկալում եմ, որ Իրանի թեման կքննարկվի մեր բոլոր կանգառներում: Սա, ինչպես գիտեք, մեծ հետաքրքրություն է ներկայացնում տարածաշրջանում մեր բոլոր գործընկերների համար»,-ասել է նա՝ հավելելով, որ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (JCPOA) կլինի բանակցային օրակարգի առաջին տեղում:
Լեմպերթի խոսքով՝ Իսրայել և Արևմտյան ափ կատարած այցի ընթացքում Բլինկենը կվերահաստատի երկու պետությունների միջոցով հակամարտության լուծման Միացյալ Նահանգների հանձնառությունը, ինչպես նաև կողմ կարտահայտվի ավելի մեծ ազատությանը, անվտանգությանը և բարգավաճմանը թե՛ պաղեստինցիների, թե՛ իսրայելցիների համար:
«Նա կընդգծի գալիք ամսվա կարևորությունը երբ նշվելու են բոլոր դավանանքների հիմնական կրոնական տոները, և կհաստատի վստահության, կայունության և անվտանգության ամրապնդմանն ուղղված գործողությունների կարևորությունը, ինչպես նաև այն քայլերից խուսափելու անհրաժեշտությունը, որոնք կարող են հանգեցնել տեղում լարվածության աճին»,- ասել է դիվանագետը։
Դիվանագետի խոսքով, Իսրայելի և Պաղեստինի ինքնավարության համար չափազանց կարևոր է զերծ մնալ միակողմանի քայլերից, որոնք մեծացնում են լարվածությունը և խաթարում բանակցությունների միջոցով երկու պետությունների համակեցության սկզբունքի վրա հիմնված լուծումը խթանելու ջանքերը:
Պետքարտուղարը իր այցի ընթացքում կբարձրացնի նաև Եմենի, Սիրիայի, Ուկրաինայի, Եթովպիայի, ինչպես նաև համաշխարհային էներգետիկ շուկաների հարցերը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները