Ցորի զորամասի զոհված հրետանավորների իրավահաջորդները հետամուտ են լինելու՝ բոլոր մեղավորներն արժանի պատիժ ստանան. Պաշտպան
«Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի զոհված զինծառայողների իրավահաջորդները հետամուտ են լինելու, որպեսզի բոլոր մեղավորները պատժվեն»,- ասուլիսում ասաց «Ցոր» զորամասի զոհված հրետանավորների իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը:
Նա հայտնեց, որ սույն քրեական գործով մաս է անջատվել և գործն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ իրականացվում է ՊԲ N զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր Գևորգ Գևորգյանի վերաբերյալ դատաքննություն. «Նա 2020 թվականի հոկտեմբերի 12-ին, ուղղակի թողնելով զինծառայողներին մարտի դաշտում, երբ պարտավոր էր կազմակերպել ինչպես պաշտպանությունն, այնպես էլ նահանջ, փախել է։ Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց է ընտրված։ Վերաքննիչ բողոք է բերվել Գևորգ Գևորգյանի պաշտպանի կողմից։ Այսօր տեղեկացա, որ նշված գործով դատական նիստ է նշանակված եղել, սակայն ցավալին այն է, որ տուժողի իրավահաջորդներից որևէ մեկը, ինչպես նաև ներկայացուցիչը՝ հանձինս ինձ, ծանուցված չենք եղել դատական նիստի մասին»։
Փաստաբանն ասաց, որ դատական նիստը նշանակված է եղել մարտի 23-ին, դատավորն է Արմեն Դանիելյանը։
«Պատահական չէ, որ հենց Արմեն Դանիելյանը տուժող կողմից որևէ մեկին չի ծանուցել։ Մենք չգիտենք, ինչ է տեղի ունեցել դատական նիստին, համենայնդեպս այն ինֆորմացիան, որը ստացանք, այնտեղ նույնիսկ չի էլ քննարկվել այն հարցը, թե արդյոք տուժող կողմը ծանուցվել է, թե չի ծանուցվել։ Բոլոր դեպքում դատական նիստը հետաձգվել է։ Այս հարթակն օգտագործում եմ ու դիմում Արմեն Դանիելյանին՝ ապահովել գործի մրցակցության սկզբունքը, կողմերի հավասարության իրավունքը, ծանուցել նաև տուժող կողմին, որպեսզի նրանք էլ իրենց տեսակետը հայտնեն ներկայացված բողոքի վերաբերյալ։
Այս պահին չեմ կարող ասել, թե նպատակը կոնկրետ որն է, որ չի ծանուցել տուժող կողմին։ Միգուցե Դանիելյանը փորձում է այսպես շատ հեշտ բողոքի քննություն անցկացնել, չլսել տուժող կողմի փաստարկները բողոքի վերաբերյալ։ Այն իրավիճակն է, որ Արմեն Դանիելյանից ամեն ինչ էլ սպասելի է։ Նա միայն պետք է քննի կալանքը որպես խափանման միջոց անփոփոխ թողնելու հետ կապված բողոքը»,- ասաց պաշտպանը։
Նա ընդգծեց, որ ակնհայտ է՝ չծանուցելով նիստի մասին, խախտվում է տուժողների իրավահաջորդների իրավունքը, որը նաև անվստահություն է ստեղծում դատարանի, պետության հանդեպ։
«20-21 անձինք, ովքեր ուղղակի շահագրգռված են սույն գործով, ամեն օր քնից արթնանալով՝ հետամուտ են այս գործին ու հանկարծ պարզվում է, որ իրենցից որևէ մեկը չի ծանուցվել դատական գործի վերաբերյալ։ Վերջին հաշվով, այստեղ ոչ միայն մրցակցության սկզբունքը պահելու խնդիրն է, այլ անտարբերության մատնելը, ինչ որ տեղ նաև վիրավորական է»,- ասաց Լ.Սիմոնյանը։
Նա նշեց, որ իրենք ղեկավարվում են այն սկզբունքով, որ իրենց պետք է արդար դատական ակտ։ Հաջորդ նիստին կքննարկեն դատավորին ինքնաբացարկ հայտնելու կամ չհայտնելու մասին հարցը։
Փաստաբանը հայտնեց, որ այս գործի մյուս մասով քննությունը դեռ շարունակվում է։
«Ջալալ Հարությունյանը, նաև այլ անուններ, որոնք, ըստ տուժող կողմի, նաև իմ, պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Ոչ միայն ծնողների պատմածն է այստեղ հարցը, նաև քրեական գործում առկա փաստական տվյալներով է կարմիր թելի նման գնում նրանց անգործությունը, գործողությունները, որոնք, այնպիսի տպավորություն է, ուղղված են եղել հենց Դ-20 հրետանային դիվիզիոնի դեմ։ Ինձ մոտ, համենայնդեպս, այդ տպավորությունն է։
Հրետանային դիվիզիոնն ինչո՞ւ պետք է հայտնվի մարտական գործողությունների այն վայրում, որն առաջնագծից ավելի առաջ է։ Բոլորիս հայտնի է, որ հրետանավորները թիկունքում են լինում, քան հիմնական զորքերը։ Չգիտես՝ ինչու են հայտնվել առաջնագծից ավելի առաջ։
Գևորգ Գևորգյանի գործողությունները կոնկրետ վերաբերել են հոկտեմբերի 12-ին, իսկ մինչ այդ գործողություններ են տեղի ունեցել, որ դիվիզիոնը տեղափոխվել է այլ զորամասի ենթակայության տակ, սակայն դրա համար, ըստ էության, որևէ նախադրյալ չի եղել»,-ասաց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը։
Ըստ նրա, հատկանշականն այն է, որ տեղափոխվելուց հետո կոնկրետ զինվորական կանոնների համաձայն հրամաններ չեն տրվել, հայտնվել են անորոշության մեջ։
«Զինվորները երբ որ տեսնում են, որ դիմացից գալիս է մի զորախումբ, իրենց համար տվյալ պահին անհասկանալի է լինում՝ յուրայիննե՞ր են, թե՞ հակառակորդ։ Փորձում են շտաբից ճշտել։ Անձամբ պետական բանակի հրամանատարի կողմից հավաստիացում է գալիս, որ յուրայիններ են, չկրակեք, սակայն հայտվում են մի անելանելի վիճակի մեջ»,- ասաց Լ.Սիմոնյանը։
Դիտարկմանը, որ զոհված զինծառայողների հարազատները հարցազրույցներում, ասուլիսներում խոսում են այն մասին, որ Ջալալ Հարությունյանի հրամանով է եղել չկրակել, յուրայիններ են, փաստաբանն ասաց. «Քրեական գործում դա կարմիր թելով անցնում է, կան ապացույցներ, իրավասու չեմ հայտնելու այդ ապացույցների աղբյուրը։ Վերջինս քրեական գործով հարցաքննվել է։ Կարգավիճակի վերաբերյալ դեռևս տեղեկություն չունեմ»։
Լ.Սիմոնյանը ընդգծեց, որ մինչև վերջ հետամուտ են լինելու գործի արդար հանգուցալուծման հարցում, անհրաժեշտության դեպքում կդիմեն նաև միջազգային դատական ատյաններ, տուժողի իրավահաջորդներն էլ հետամուտ են լինելու մինչև վերջ, որ այս գործով անցնող բոլոր այն անձինք, ովքեր ունեն մեղավորություն, արժանի պատիժ ստանան։
Նա ասաց, որ բացի դիվիզիոնի հարցից, կա նաև անհատներին վերաբերող հարցեր. «Հայկ Մելիքյանը, ով, չգիտես ինչ պայմաններում, վրաերթի է ենթարկվել հենց այդ մարտական հենակետում, այդ ուղղությամբ էլ պետք է քննություն կատարվի։
Վրաերթի ենթարկվելուց հետո, ըստ ցուցմունքների, նա դեռևս կենդանի է եղել։ Չգիտեն, թե կոնկրետ երբ է նրա մահը վրա հասել, ինչու նրան օգնություն չի ցուցաբերվել։ Եթե Գևորգ Գևորգյանը կարողանում է նստել մեքենան ու փախնել, ինչո՞ւ այդ տղային չի տարելը հետ։ Կամ թող ինքը չփախներ, այլ երեխային դնեին այդ մեքենայի մեջ ու տեղափոխեին։ Երկու ամսվա զինվորներ ունենք, քրեական գործով երևում է, որ նրանցից մեկի զենքն ուղղակի չի կրակել»։
Պաշտպանության բանակի 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի Դ-20 հրետանային դիվիզիոնը 44-օրյա պատերազմի ընթացքում հայտնվել էր հակառակորդի դիվերսիոն խմբի ներգործության տակ, 21 զինծառայող համարվում է զոհված։
Հարակից հրապարակումներ`
- Մեր զինվորների աճյունները հողի մեջ դրված ավելի մեծ ուժ են տալու այս հողին, քան շատ ողջ մարդիկ. Տեր Հակոբ
- Վերջին հրաժեշտը Արցախում ավելի քան մեկ տարի առաջ զոհված հրետանավորներին
- Պատերազմից ավելի քան մեկ տարի անց վերջին հրաժեշտը տվեցին հրետանավոր Հայկ Մելիքյանին
- Մեղավորների բուրգ ունենք, գագաթում Ջալալ Հարությունյանն է. Ցորի զորամասի հրետանային դիվիզիոնի անհետ կորած զինծառայողների հարազատներ
- Անհետ կորածների հարազատներ. Արդյունքը կլինի մեր երեխաներին գտնելը
- «Մինչև մեզ չընդունի ԱԱԾ տնօրենը, այստեղից չենք գնալու, համբերությունը սպառված է»
- Անհետ կորած զինծառայողների հարազատները ԱԱԾ շենքի դիմաց են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան