ՀՅԴ Բյուրո. Ադրբեջանը հետապնդում է Արցախը հայաթափելու իր անթաքույց ծրագիրը
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Տեղի է ունենում այն, ինչ ակնկալվում էր. Ադրբեջանը, օգտվելով Ուկրաինայի խնդրի վրա աշխարհի ուշադրության կենտրոնացումից, քայլեր է կատարում` ավարտին հասցնելու իր հակահայ ծրագրերը, որոնք իրականացնելու նորագույն հանգրվանը սկսվեց 2020 թվականի 44-օրյա պատերազմով:
Միաժամանակ, վերջին ամիսներին նկատելի էին 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությամբ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ ուժերի առաքելությանը խոչընդոտող գործողություններ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից:
Այս օրերի արտասովոր ցուրտ եղանակին Արցախի գազամատակարարման խափանումով և Փառուխ գյուղ և հարակից տարածքներ ներխուժումով Ադրբեջանը հետապնդում է Արցախը հայաթափելու իր անթաքույց ծրագիրը:
Այս ծանր օրերին անհրաժեշտ է համազգային ուժերով ամենուրեք դիմադրել Ադրբեջանի և Թուրքիայի այս հակահայ քաղաքականությանը:
Առ այդ, անհրաժեշտ է.
ա) Դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններին՝ պահանջելով` չանտեսել Արցախի և Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջան-Թուրքիա դաշինքի հակահայ քաղաքականությունն ու քայլերը։
բ) Ադրբեջանի և Թուրքիայի դեմ բողոքի տարաբնույթ գործողություններով` քաղաքական շրջանակների և հանրային կարծիքի ուշադրությունը հրավիրել նոր թափ առած հակահայ այս քաղաքականության վրա։
Արցախում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմից պահանջում ենք ապահովել թշնամի ուժերի` իրենց ելման կետեր վերադարձը և խաղաղության պահպանումը։
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կանգնած է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կողքին և պատրաստ է հնարավոր բոլոր միջոցներով աջակցելու նրան` Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու պատասխանատվության իրականացման գործում:
Ադրբեջան-Թուրքիա դաշինքի այս հակահայ քաղաքականությունը չի կարող մնալ առանց արձագանքի. այս քաղաքականության հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու են այդ երկու պետությունները»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ԱԽ-ն պաշտոնական գրությամբ դիմել է Վլադիմիր Պուտինին
- Անհասկանալի է ՀՀ իշխանության անփոփոխ կարգախոսը, թե մեկ է՝ մենք շարժվում ենք խաղաղության օրակարգով. Աբրահամյան
- Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է արել իր զինված ուժերն Արցախի շփման գծում վերադարձնել նախկին դիրքերը
- Ադրբեջանը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում, բանակցությունները շարունակվում են. Արցախի ՊՆ
- Ադրբեջանի գործողությունները ցույց չեն տալիս, որ հետ վերադարձի միտք ունեն. Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան