Մարինա Օվսյաննիկովային առաջադրվել է Ռուսաստանի Դաշնության զինվորականներին վարկաբեկելու մասին մեղադրանք
Մոսկվայի Օստանկինի շրջանային դատարանը ռուս զինվորականներին վարկաբեկելու գործով արձանագրություն է գրանցել Առաջին ալիքի նախկին խմբագիր Մարինա Օվսյաննիկովայի դեմ, ով ուղիղ եթերում հակապատերազմական ակցիա էր կազմակերպել։ Դատարանի կայքի համաձայն, նիստը նշանակված է ապրիլի 14-ին։ Օվսյաննիկովային սպառնում է 30-ից 50 հազար ռուբլի տուգանք։ Այս մասին գրում է Ամերիկայի ձայնը։
Ինքը՝ Օվսյաննիկովան, Meduza-ին ասել է, թե ուրախ է, որ մեղադրանքը քրեական հոդված չէ, և որ ինքը կկարողանա շարունակել «պայքարը հանուն ճշմարտության»։
Մարտի 14-ին Մարինա Օվսյաննիկովան հակապատերազմական ակցիա էր կազմակերպել ուղիղ եթերում՝ հաղորդավարուհի Եկատերինա Անդրեևայի թիկունքում բացելով «Դադարեցրե՛ք պատերազմը, մի՛ հավատացեք քարոզչությանը, այստեղ ձեզ ստում են» կոչերով պաստառ։ Մինչ այս, Օվսյաննիկովան տեսաուղերձ էր ձայնագրել, որի պատճառով դատարանը հետագայում նրան տուգանել է 30 հազար ռուբլով՝ մեղավոր ճանաչելով նրան անօրինական բողոքի ակցիաների կոչ անելու մեջ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Օվսյաննիկովայի դեմ կարող էր քրեական գործ հարուցվել ռուս զինվորականների կեղծ գործողությունների մասին նոր հոդվածով։ Չնայած նման հետապնդումների հնարավորությանը, երկու երեխաների մայր Օվսյաննիկովան ասել է, որ չի պատրաստվում լքել Ռուսաստանը, թեև «շատ վախեցած է»:
Կրեմլում Օվսյաննիկովայի արարքը «խուլիգանություն» են անվանել։ Առաջին ալիքի տեղեկատվական ծրագրերի ղեկավար Կիրիլ Կլեյմենովը նախկին աշխատակցին մեղադրել է դավաճանության մեջ։