Առաջիկա գիշերը ձյուն է սպասվում մայրաքաղաքում և Արարատյան դաշտավայրում. Սուրենյան
Առաջիկա օրվա ընթացքում սպասվում է բավականին լուրջ օդերևութաբանական պրոցես, որը կտրուկ կփոխի մեր եղանակակլիմայական պայմանները: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ, Գագիկ Սուրենյանը։
«Սկանդինավիայի շրջաններից հանրապետության տարածքին մոտենում է բավականին ցուրտ մթնոլորտային ճակատ, որը ներկա պահին գտնվում է Սև ծովի վրա և աստիճանաբար տեղափոխվում է դեպի Կովկասի տարածք»,-նշեց մասնագետը:
Նա տեղեկացրեց, որ այսօր արդեն ուշ երեկոյան դրա ազդեցությունը կզգան հյուսիսային մարզերը, այսինքն տեղումները կսկսվեն Շիրակից, Լոռիից և Տավուշից, և արդեն առաջիկա գիշերը երկրի ողջ տարածքը կգտնվի մթնոլորտային ճակատի ազդեցության գոտում. «Առաջիկա գիշերը և վաղը ցերեկը ամբողջ օրվա ընթացքում ցիկլոնը գործելու է հանրապետության տարածքում, բոլոր շրջաններում սպասվում են ձյան առատ տեղումներ, ձյուն է կանխատեսվում մայրաքաղաքում և Արարատյան դաշտավայրում»:
Նա ասաց, որ տեղումների ինտենսիվության ամենապիկը կդիտվի օրվա առաջին կեսին, իսկ կեսօրից հետո դրանց ինտենսիվությունը կթուլանա, սակայն դրանք չեն դադարի մինչև դեկտեմբերի 4-ի գիշերը, իսկ 4-ին տեղումներ կդիտվեն միայն Վայոց Ձորում և Սյունիքում:
Գագիկ Սուրենյանը ընդգծեց, որ սպասվող ձյան տեղումները ուղեկցվելու են ուժեղ քամիներով, առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ ուժգնությամբ, որը բավականին մեծ արագություն է. «Հատկապես լեռնային շրջաններում և լեռնանցքներում կդիտվի բուք, տեսանելիության անկում, ճանապարհները կպատվեն մերկասառույցով»:
ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալը շեշտեց, որ այսօր գիշերային ջերմաստիճանը կլինեն ավելի բարձր, քան վաղը ցերեկը սպասվող ջերմաստիճանը:
«Օդի ջերմաստիճանն ընդհանուր առմամբ դեկտեմբերի 3-6-ն ընկած ժամանակահատվածում աստիճանաբար կնվազի մոտ 10-12 աստիճանով: Եթե այսօր ցերեկը մայրաքաղաքում կդիտվի 10-12 աստիճան տաքություն, ապա վաղը ցերեկը օդի ջերմաստիճանը կտատանվի 0-2 աստիճանի սահմաններում: Բավականին լուրջ կնվազեն նաև գիշերային ջերմաստիճանները: Եթե այսօր գիշերը Երևանում ակնկալվում է 0-2 աստիճան տաքություն, ապա արդեն դեկտեմբերի 6-ի գիշերը կտատանվի -6-ից -8-ի սահմաններում»,-ասաց Սուրենյանը:
Նա հավելեց, որ ամենացածր ջերմաստիճանները կգրանցվեն լեռնային շրջաններում՝ Շիրակ, Կոտայքի լեռներ, Գեղարքունիք, Վայոց Ձորի լեռնային գոտիները, Արագածոտնի լեռները, որտեղ դեկտեմբերի 6-ին գիշերային ջերմաստիճանը կնվազի մինչև -20-ի սահմանները, իսկ դեկտեմբերի 7-ից սկսած ցուրտ օդային հոսանքները կնահանջեն:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին