Եթե գործատուն 18 ամիս հետո աշխատակցին ամենամյա արձակուրդ չտրամադրի, ապա կտուգանվի. Ժորա Սարգսյան
«Օրենսգրքում բացակայում էր «Աշխատանքի վայր» սահմանումը, որը իրավակիրառ պրակտիկայում խնդիր էր առաջացնում, հատկապես նրանց համար, որոնք նույն աշխատավայրում չեն աշխատում, օրինակ՝ առաքիչների»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը:
Վերջինս հայտնեց, որ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Աշխատանքային օրենսգրքի լրամշակման նախագիծը, որով փոփոխություններ են նախատեսվում աշխատանքային հարաբերություններում։
«Փոփոխություններով նախատեսվում է պայմանագրով հստակ սահմանել աշխատողի գործառույթները, որպեսզի հետագայում գործառույթները փոփոխվելու դեպքում, աշխատողը նախապես տեղեկանա, որ իր աշխատանքն ավելանալու է, դրան համաձայնություն տա, իսկ եթե համաձայն չէ, ապա գործատուն այդ պարագայում կկարողանա լուծել աշխատանքային պայմանագիրը»,-ասաց Ժորա Սարգսյանը։
Նրա խոսքով՝ գործող Աշխատանքային օրենսգրքով ամենամյա արձակուրդը աշխատողի նախաձեռնությամբ կամ համաձայնությամբ կարող է տեղափոխվել առավելագույնը 18 ամիս, բայց լինում են դեպքեր, որ նշված ժամկետից ավելիի դեպքում էլ աշխատողն արձակուրդի հնարավորություն չի ստանում:
Ըստ Սարգսյանի՝ խնդիրը լուծելու համար նոր փոփոխություններով սահմանվում է, որ եթե գործատուն 18 ամիս հետո շարունակի կրկին չտրամադրել ամենամյա արձակուրդը, ապա կտուգանվի միջին ամսական աշխատավարձի 0,15 %-ի չափով:
Բանախոսն հայտնեց, որ փոփոխություններով նաև համաչափության սկզբունքն է պահպանվել և իրավունքներ են նախատեսել նաև գործատուների համար, քանի որ շատ դեպքերում գործատուն արձակուրդ չի տրամադրում, որովհետև աշխատողը դրա համար չի դիմում:
«Մենք նախագծով առաջարկում ենք, որ եթե ամենամյա արձակուրդը տեղափոխելուց հետո 18 ամիս անց ևս աշխատողն արձակուրդ գնալու դիմում չի գրում, ապա գործատուն այլևս կարող է չսպասել դիմումին և իր հրամանով ուղարկել արձակուրդ»,-հայտնեց Աշխատանքի և զբաղվածության վարչության պետը:
Նրա խոսքով՝ աշխատանքային օրենսդրությունը տարածվում է միայն աշխատողների վրա, որոնք ունեն աշխատանքային պայմանագիր, բայց եթե գործում է քաղաքացիաիրավական ծառայության պայմանագիրը, ապա տվյալ դեպքում անձը համարվում է ծառայություն մատուցող, ոչ թե աշխատող և նրա վրա աշխատանքային օրենսդրությունը չի տարածվում: