ՀՀ ԱԽ-ն անհրաժեշտ է համարում միջազգային զսպման մեխանիզմների գործարկումը՝ տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա թույլ չտալու համար
ՀՀ Անվտանգության խորհրդի՝ այսօր կայացած նիստից հետո կառավարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդն այսօր կայացած նիստում քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակն` այն գնահատելով խիստ լարված:
Իրադրության վերլուծությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանական Հանրապետությունը, փորձելով գտնել մտացածին հիմնավորումներ, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում սկսելու համար, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանը մեղադրելով խաղաղության պայմանագրի հարցում ապակառուցողական գործողությունների մեջ:
Անվտանգության խորհուրդը ստեղծված իրավիճակում հարկ է համարում ևս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի Հանրապետության ավելի վաղ հնչեցրած դիրքորոշումը եւ Ադրբեջանական Հանրապետությանն առաջարկում է անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ:
Անվտանգության Խորհուրդը, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստան-Ադրբեջան սահմանին ռազմական բախումների հնարավորության վրա, անհրաժեշտ է համարում միջազգային զսպման մեխանիզմների գործարկումը՝ տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա և էթնիկ զտում թույլ չտալու համար»:
Հարակից հրապարակումներ`
- Կհայտնվենք նույն իրավիճակում, ինչ Փառուխում. Օհանյանը՝ Երասխի հատվածում ետ քաշվելու առաջարկի մասին
- ՌԴ ՊՆ. Ադրբեջանն իր զինված ուժերը դուրս է բերել Փառուխ բնակավայրից
- «Արցախի Հանրապետության Փառուխ համայնքում վճռվում է Արցախի ճակատգիրը․ Թագուհի Թովմասյան