Դերասան Ուիլ Սմիթը հարվածել է «Օսկար»-ի հաղորդավարին
Ամերիկացի կատակերգու Քրիս Ռոքը հրաժարվել է ոստիկանություն հաղորդում ներկայացնել դերասան Ուիլ Սմիթի դեմ այն բանից հետո, երբ նա հարվածել է նրան «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ անպատշաճ կատակի համար։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնում է ABC-ն՝ հղում անելով Լոս Անջելեսի ոստիկանությանը։
«Լոս Անջելեսի ոստիկանական բաժանմունքի քննիչները տեղյակ են «Օսկար»-ի մրցանակաբաշխության ժամանակ երկու տղամարդու հետ կապված միջադեպի մասին: Միջադեպի ժամանակ մեկը հարվածել է մյուսին: Միջադեպի մասնակիցը հրաժարվել է դիմել ոստիկանություն»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Ուիլ Սմիթը 94-րդ կինոակադեմիայի մրցանակաբաշխության ժամանակ իր կնոջ պատիվն է պաշտպանել։ Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հաղորդավար Քրիս Ռոքը կատակել է Սմիթի կնոջ՝ Ջադա Պինկետ-Սմիթի սանրվածքի մասին: Ավելի վաղ Պինկետ-Սմիթը խոսել էր մազաթափության խնդրի մասին ու արարողությանը եկել էր սափրված գլխով։ Այս խոսքերից հետո Ուիլ Սմիթը բարձրացել է բեմ ու հարվածել գործընկերոջ դեմքին։
Սմիթը «Օսկար» է ստացել «Լավագույն դերասան» անվանակարգում՝ «Ռիչարդ թագավոր» ֆիլմի համար: Նա սկսել է իր շնորհակալական ելույթ «Ռիչարդ Ուիլյամսը կլիներ իր ընտանիքի կատաղի պաշտպանը»: Ընդունելով մրցանակը՝ Սմիթն այնքան լաց է եղել, որ հեռարձակումը ստիպված են եղել ընդհատել։ Դերասանը ներողություն է խնդրել Ակադեմիայից և իր բոլոր գործընկերներից կատարվածի համար։