«Sputnik V»-ը ճանաչվել է աշխարհում առաջին արդյունավետ պատվաստանյութը ՄԻԱՎ վարակակիրների համար
Կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» դեղամիջոցը դարձել է աշխարհում առաջին պատվաստանյութը՝ ապացուցված արդյունավետությամբ ՄԻԱՎ վարակակիրների շրջանում։ Գամալեի անվան ինստիտուտի և ՁԻԱՀ-ի կանխարգելման և վերահսկման Մոսկվայի քաղաքային կենտրոնի հետազոտությունը հրապարակել է «The Lancet» պարբերականը, գրում է «Գազետա.ռու»-ն։
Հոդվածում ուսումնասիրվել են Մոսկվայում հակառետրովիրուսային թերապիա ստացող 24000 ՄԻԱՎ-դրական հիվանդների տվյալները: Վերլուծությունը ցույց է տվել, որ ՄԻԱՎ վարակակիրների շրջանում դեղամիջոցի արդյունավետությունը կազմում է 79%: Միաժամանակ հոսպիտալացման դեմ արդյունավետությունը գերազանցել է 90%-ը, իսկ հիվանդության միջին և ծանր ընթացքի դեպքերի դեմ կազմել է ավելի քան 97%:
Ռուսաստանը դարձել է աշխարհում առաջին երկիրը, որը գրանցեց COVID-19-ի դեմ պատվաստանյութ։ Այն մշակվել է Գամալեայի անվան Համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի կողմից Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ և ստացել «Sputnik V անվանումը։