Ալեքսանյան. Առուշանյանի նկատմամբ հետապնդումն ուներ մի նպատակ, որ նա չկարողանա ղեկավարել համայնքը
Առուշ Առուշանյանի նկատմամբ իշխանությունների կողմից այս ողջ գործողությունները, հետապնդումն ունեին մի նպատակ, որպեսզի Առուշ Առուշանյանը չկարողանա ղեկավարել իր հարազատ համայնքը։ Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի շենքից դուրս գալուց հետո դատարանի հրապարակած վճռի մասին խոսելով՝ լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«Բոլորը գիտեն, որ Առուշ Առուշանյանն անմեղ է, շատ լավ գիտեն, որ Առուշանյանը երբեք իր սկզբունքներին դեմ չէր գնա։ Նա որևէ տեսակի հանցանք չէր կատարել և այսօր դատական նիստերի դահլիճում բոլորը դրանում համոզվեցին՝ այն ընտրական ապօրինությունները, որ նրան մեղսագրվել էին, ապօրինի էին»,-ասաց Ալեքսանյանը։
Նշենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, հարապարկեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով դատավճիռը։
Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից։
Դատավորն ընթերցեց դատավճիռը, որի համաձայն. «Ճանաչել և հռչակել Առուշ Առուշանյանի անմեղությունը ՔՕ 38-154.2 մաս 4 կետ 2-ով, 35-154.2 մաս 4 կետ 2-ով, ՔՕ 291-րդ հոդվածի 2-րդ մասով և ՔՕ 188-րդ հոդվածի 3 մաս 1 կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրան արդարացնել արարքներում հանցակազմերի բացակայության հիմքով։
Առուշ Առուշանյանին մեղավոր ճանաչել ՔՕ 308-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով և որպես պատիժ նշանակել՝ տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկել 5 տարի ժամկետով։
Առուշ Առուշանյանին մեղավոր ճանաչել ՔՕ 322-րդ հոդվածի (Ինքնիրավչությունը) 2-րդ մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 700-ապատիկի չափով։
Առուշ Առուշանյանին մեղավոր ճանաչել ՔՕ 113–րդ հոդվածով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 1 տարի 3 ամիս ժամկետով։ Ազատազրկում նշանակված պատժի ժամկետի մեջ հաշվարկել արգելանքի տակ գտնվելու ժամկետը՝ 8 ամիս 12 օր և վերջնական պատիժ թողել 6 ամիս 18 օր ժամկետով։
Ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան 1 տարի 6 ամիս ժամկետով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան