«Հնարավո՞ր է փողերի լվացման գործընթացում ներգրավված է եղել Ամերիաբանկը». Անպատասխան մնացած հարցը
«Գործարար Ռուբեն Վարդանյանը կանչվել է հարցաքննության փողերի լվացման կասկածանքով»։ Օրեր առաջ այս մասին գրեցին իշխանության ներկայացուցիչների հետ ասոցացվող կայքեր։
Հաշվի առնելով, որ Ռուբեն Վարդանյանը եղել է «Ամերիաբանկ»-ի համահիմնադիրը, Ամերիաբանկ ՓԲԸ խորհրդի անդամ, Panorama.am-ը գրավոր հարցում ուղղեց «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին. «Հնարավո՞ր է փողերի լվացման գործընթացում ներգրավված է եղել նաև Ամերիաբանկը»։
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հնգօրյա ժամկետում «Ամերիաբանկ»-ից հարցին չպատասխանեցին, ոչ էլ լրացուցիչ ժամանակ խնդրեցին։
Հիշեցնենք, որ մարտի 15-ին, ըստ որոշ լուրերի, իշխանության ներկայացուցիչներից մեկի անվան հետ կապվող կայքը, վկայակոչելով մեկ այլ կայքի, գրել էր.
«Տրոյկա Դիալոգ» ընկերության նախկին ղեկավար Ռուբեն Վարդանյանն օրեր առաջ հրավիրվել է հարցաքննության փողերի լվացման թեմայով»։
Նույն օրը Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ը Ռուբեն Վարդանյանի մասին հրապարակում էր արել ու հիշեցրել.
«Դեռևս 2019 թվականին Եվրախորհրդարանի 22 պատգամավորներ նամակ էին հղել Եվրոպական հանձնաժողովի նախագահին՝ հորդորելով անհապաղ միջոցներ ձեռնարկել «Տրոյկա լվացքատան» մեջ ներգրավված երկու անձանց՝ Ռուբեն Վարդանյանի («Տրոյկա դիալոգի» ղեկավար) և Վլադիմիր Ռոմանովի («Յուկիո» բանկի նախկին նախագահ) նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու նպատակով»։
Panorama.am-ը քննչական մարմիններից փորձեց մանրամասներ պարզել, թե ո՞ր մարմնում, ի՞նչ քրեական գործով ու ի՞նչ կարգավիճակով է հարցաքննվել Ռուբեն Վարդանյանը։
Գլխավոր դատախազությունից հայտնեցին՝ միգուցե ԱԱԾ-ում է գործը, սակայն ծառայությունից նշեցին, որ իրենք նման գործի ու հարցաքննության վերաբերյալ որևէ տեղեկություն չունեն։
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնեցին՝ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում նման գործ չի քննվում և նշված անձը այդտեղ չի հարցաքննվել։ Նման պատասխաններ տվեցին նաև Հակակոռուպցիոն կոմիտեից ու Քննչական կոմիտեից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին