Դուք ժողովուրդների հետ բարեկամություն անել չգիտեք, պարոնայք քպ-ականներ․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․
«Այսօր խորհրդարանում, քպ-ական պատգամավորը «բարոյախրատական» ոճի մեջ ելույթ է ունեցել, իբր թուրքերի հետ եղբայրություն անելու անհրաժեշտության մասին: Մի կողմ թողնենք 30 տարվա «թալանի» ու նմանատիպ լոլոների մասին նրա մանիպուլյատիվ խոսքերը և անդրադառնանք թուրքի հետ «եղբայրությանը»:
Աշխարհի պատերազմական թոհուբոհի մեջ, «խաղաղության դարաշրջան» բացողները` Հայոց Բանակն արյունաքամ անելուց, բարոյալքելուց ու հերոսներին նսեմացելուց հետո, այդպես էլ չկարողացան խաղաղություն կառուցել: Թուրքի ուզած արցախյան տարածքները հանձնելուց, Հայաստանի սահմաններն ու սահմանամերձ գոտիները օկուպացնելուց, Հայաստանի գյուղամերձ հանդերն ու արոտները թուրքի վերահոսկողությանը թողնելուց, միջպետական ռազմավարական ճանապարհը նվիրաբերելուց հետո՝ քպ-ականները արդեն պատրաստ են ախպերության:
Պատկերացնում եք չէ՞, սովորական խաղաղություն չեն կարողանում հաստատել, բայց ախպերության մասին հավեսով խոսում են:
Շատ լավ, ասենք թե բոլորս պատրաստ ենք թուրքի հետ ախպերություն անենք, որպեսզի որոշ օլիգարխներ ավելի շատ փող աշխատեն: Նույնիսկ ավելին ասեմ՝ ենթադրենք նույնիսկ պատրաստ ենք հանուն խաղաղության, թուրքի հետ քիրվայություն անելուն: Միայն ենթադրենք:
Հիմա քպ-ականների թուրք ախպերների մասին: Զաքիր Հասանով «ախպերը» այսօր Բաքվում ռազմական խորհրդակցություն է արել և հանձնարարել հետևյալը.«...Պահպանել զորամասերի պատրաստականության բարձր մակարդակը, մշտապես կատարելագործել ծառայողական-մարտական գործունեությունը, բարձրացնել զգոնության մակարդակը: Անցկացնել ինտենսիվ մարզումներ և գործնական պարապմունքներ իրական մարտական պայմաններով, պատրաստ լինել մարտական առաջադրանքների հստակ և ժամանակին կատարմանը»: Զինվորականները գիտեն, որ նման հաղորդագրությունները հենց այնպես չեն լինում:
Այն ինչ կատարվել և կատարվում է Արցախում, այն ինչ հիմա կատարվում է Հայաստանի շուրջ, այն ինչ ասում է քպ-ի ախպեր Զաքիրը՝ խաղաղության ժանրի՞ց է, թե՞ ախպերության: Հերիք չի՞ էս ժողովրդին խաբեք ու դնեք թուրքական դանակի տակ: Երկիր ու ժողովուրդ պահել չգիտեք, գոնե թասի՛բ ունեցեք, գոնե մարդկային պարզ բանականությո՛ւն ունեցեք, գոնե ձեր սերունդների մասին մտածեք:
Ի՞նչ է ասում քպ-ական քարոզչությունը: Ասում է “Քվեդ տուր Նիկոլին, տունդ տուր թուրքին ու դարձիր թրքահպատակ ախպեր”:
Ձեր վարած ստորաքարշ արտաքին քաղաքականությունը ցույց է տալիս, որ դուք ժողովուրդների հետ բարեկամություն անել չգիտեք, պարոնայք քպ-ականներ: Դուք նույնիսկ ձեր ժողովրդի հետ բարեկամություն անել չգիտեք: Որովհետև բարեկամությունը՝ ազնվություն, համախմբվածություն, փոխադարձ հարգանք է պահանջում: Իսկ ձերը՝ թշնամություն, անեծք, խաբկանք, մահ ու կեղծիք սերմանելն է: Ձեր տեսակի հետ, նույնիսկ սատանան բարեկամություն չի անի»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան