Հայ լրագրողները` Եգիպտոսի ֆուտբոլային 10-րդ մրցաշարի հաղթողներ
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը Եգիպտոսի Հուրգադա քաղաքում ավարտված Լրատվամիջոցների և լրագրողների 10-րդ միջազգային մրցաշարում գրավել է առաջին տեղը և արժանացել ոսկե մեդալների ու գավաթի։
Ֆուտբոլի հավաքականի ֆեյսբուքյան պաշտոնական էջի փոխանցմամբ, մրցաշարին մասնակցում էին 10 թիմեր, հինգը՝ Եգիպտոսից, ևս հինգը՝ արտերկրից, այդ թվում՝ Վրաստանը, Մոլդովան, Սենեգալը, Հայաստանը և Ռումինիան։ Հայ լրագրողները տոնել են 4 հաղթանակ և կրել մեկ պարտություն։ Երկրորդ տեղը գրավել է Ալեքսանդրիա քաղաքի մարզական լրագրողների թիմը, իսկ երրորդը՝ Մոլդովայի հավաքականը։
Հայաստանի թիմի գրանցած արդյունքները․
Խմբային փուլ
Հայաստան - Ռումինիա՝ 3-0
Հուրգադա – Հայաստան՝ 5-3
Փլեյ-օֆֆ
Քառորդ եզրափակիչ՝ Հայաստան – Հուգադա Մարին Սպորտ՝ 5-2
Կիսաեզրափակիչ՝ Մոլդովա – Հայաստան՝ 3-5
Եզրափակիչ՝ Հայաստան – Ալեքսանդրիա Սպորտինգ Մեդիա՝ 2-0։
Մրցաշարի լավագույն դարպասապահ է ճանաչվել Բագրատ Կազումյանը։ Հիշեցնենք, որ 2019 և 2021 թթ-ին կայացած մրցաշարերում մեր թիմը գրավել էր երկրորդ տեղը։
«Մենք երկար էինք գալիս դեպի մեր առաջին հաղթանակը միջազգային մրցաշարերում, վերջին տարիներին մշտապես կամ երրորդն էինք, կամ երկրորդը։ Եվ ահա՝ եկավ ժամանակը վայելելու հաղթանակի բերկրանքը։ Հատկապես հաճելի է, որ վերջապես հաջողվեց հաղթել մեր մշտական ախոյաններին՝ Մոլդովայի թիմին, որին մինչ այդ միշտ պարտվել էինք։ Այդ կիսաեզրափակիչ խաղը մրցաշարի զարդն էր։ Միայն այդ հաղթանակից հետո հավատացինք, որ կարող ենք գրավել առաջին տեղը։ Եզրափակչում շատ խիստ խաղացինք պաշտպանության գոտում, մրցակիցը գետ մեկ հնարավորություն էլ չունեցավ մեր դարպասի մոտ, իսկ ահա մենք ինքներս հմտորեն օգտվեցինք ստեղծած հնարավորություններից։ Այս հաղթանակը կարևոր է նաև մեր երկրի ճանաչելիության բարձրացման առումով, քանզի մրցաշարը լուսաբանվում էր տեղական մի շարք լրատվամիջոցներով և սոցիալական մեդիաներով»,- ասել է հավաքականի ավագ, Մեդիամաքսի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը։