Վրաստանում մեկնարկում է հայոց լեզվի և գրականության ուսուցիչների քննության գրանցումը
Վաղվանից Վրաստանում կմեկնարկի ուսուցիչների և ուսուցիչ դառնալու ցանկություն ունեցող անձանց քննության գրանցումը, որին այս տարի առաջին անգամ կարող են մասնակցել նաև ոչ վրացալեզու դպրոցների (հայալեզու, ադրբեջանալեզու) լեզվի և գրականության ուսուցիչները։
Ինչպես հայտնում է «Ալիք մեդիան», երկու լեզուների և գրականությունների ուսուցիչների առարկայի քննության և մասնագիտական իրավասությունը հաստատող թեստավորման ժամանակ կստուգվի.
- ուսումնական պլանի հիմնական պահանջների իմացությունը,
- առարկայի դասավանդմանն անհրաժեշտ լեզվաբանական և գրական նյութի իմացությունը,
- գնահատման տարբեր մեթոդների կիրառմամբ աշակերտի գիտելիքի և ունակության չափումը,
- անծանոթ տեքստի վերաիմաստավորման և վերլուծության ունակությունը,
- քննադատական մտածողության ունակությունը,
- գրի մշակույթը:
Ինչպես այլ առարկաների, այնպես էլ հայոց լեզվի և գրականության քննության համար հնարավոր կլինի գրանցվել մարտի 29-ից ժամը 10։00-ից մինչև ապրիլի 14-ը ժամը 18։00-ն։ Գրանցումը տեղի կունենա միայն էլեկտրոնային տարբերակով՝ online.naec.ge կայքի միջոցով։
Քննության գրանցումը ուսուցչի կարգավիճակ ձեռք բերել ցանկացողների համար կրկին կարժենա 50 լարի, իսկ գործող ուսուցիչների համար՝ անվճար։
Հիշեցնենք, որ Վրաստանի կրթության և գիտության նախարարության որոշմամբ ոչ վրացալեզու (հայալեզու և ադրբեջանալեզու) դպրոցների լեզու և գրականություն առարկան դասավանդող ուսուցիչները 2022-ին առաջին անգամ առարկայի մասնագիտական քննություն կհանձնեն։
Ավելի մանրամասն սկզբնաղբյուրում։