Կաթնամթերքի շուկայում հում կաթի նկատմամբ առաջարկն անհավասարաչափ է բաշխված. ՄՊՀ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է կաթի և կաթնամթերքի շրջանառության ոլորտի ապրանքային շուկաներում իրականացված ուսումնասիրության արդյունքները:
Համաձայն ուսումնասիրության արդյունքների՝
- «Հում կաթ» ապրանքային շուկայում ձեռքբերման տեսանկյունից չկան գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, շուկան մրցակցային է։
- Կաթնամթերք արտադրողները հում կաթի ձեռքբերում իրականացնում են ՀՀ գրեթե բոլոր մարզերից։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հոմոգեն արտադրանքների դեպքում ինչպիսին է հում կաթը, գինը հիմնական մրցակցային գործոնն է, մասնավորապես մրցակցությունը տեղի է ունենում գնի ձևավորման շուրջ։
- Շուկայում հում կաթի նկատմամբ առաջարկն անհավասարաչափ է բաշխված, այդ իսկ պատճառով տնտեսավարող սուբյեկտներն իրականացնում են նաև կաթի փոշու արտադրություն և ներմուծում։
-2020 թվականի ընթացքում ՀՀ ներմուծվել է 6 907 տոննա կաթի փոշի 48 տնտեսավարող սուբյեկտի կողմից։
- Կաթնամթերքի արտադրության ոլորտը բավականին հագեցած է, ոլորտում գործունեություն է ծավալում շուրջ 250 տնտեսավարող սուբյեկտ։
- Կաթնամթերքի շրջանառության ոլորտը հանդիսանում է բարձր մրցակցային, մասնավորապես կաթնամթերքի առանձին ապրանքային շուկաներում մրցակցում են մի քանի տասնյակից ավելի տնտեսավարող սուբյեկտներ։
- Առավել բարձր է մրցակցությունը «Պանիր», «Ջերմամշակված կաթ» և «Մածուն» ապրանքային շուկաներում, որտեղ գործում են համապատասխանաբար 141, 23 և 52 տնտեսավարող սուբյեկտներ, և առկա չեն մուտքի խոչընդոտներ։
- Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կաթնամթերքի տեղական արտադրությունը բավարարում է պահանջարկի 90-99 տոկոսը։