Խրամորթից ու Փառուխից տարհանվել է շուրջ 200 երեխա, կին ու տարեց. Արտակ Բեգլարյան
«Այս օրերին տարբեր պետական մարմիններ իրենց աշխատանքն են կատարում իրավիճակից բխող հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ: Ես քանիցս այցելել եմ Խրամորթ համայնք, կապ եմ պահում շրջվարչակազմերի ղեկավարների ու լիազոր նախարարների հետ, տալիս համապատասխան հանձնարարականներ»,-նշված է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի հայտարարության մեջ։
«Նախ, Խրամորթի ու Փառուխի բնակիչների (շուրջ 200 երեխա, կին ու տարեց) տարհանման կազմակերպումից հետո հանձնարարել եմ սոցիալական զարգացման ու միգրացիայի նախարարությանը արագորեն գնահատել տարհանված ընտանիքների կարիքները և ցուցաբերել առաջին անհրաժեշտության աջակցություն: Արդեն սննդամթերքի տեսքով որոշակի ծավալի աջակցություն տրվել է և առաջիկայում աջակցության լրացուցիչ միջոցներ ևս կկիրառենք:
Կառավարության հետ համագործակցությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ևս ցուցաբերում է աջակցություն, այդ թվում՝ ֆինանսական բնույթի, և, ըստ կարիքի, կառավարությունը նույնպես կտրամադրի ֆինանսական օգնություն տարհանված անձանց՝ հաղթահարելու իրենց սուր հիմնախնդիրները:
Հանձնարարված է լիազոր մարմիններին կարիքների գնահատման արդյունքների հիման վրա ապահովել Խրամորթից ու Փառուխից տարհանված կարիքավոր ընտանիքներին ժամանակավոր կացարաններով՝ մինչև իրավիճակի կարգավորումը և նրանց վերադարձը հայրենի տներ: Աշխատանքներ են տարվում նաև տարհանված երեխաների կրթության պատշաճ կազմակերպման ուղղությամբ:
Գյուղատնտեսության նախարարությունը միջոցներ է ձեռնարկում կենդանիների պաշտպանության ու անասնակերի ապահովման ուղղությամբ:
Մի շարք աշխատանքներ են կատարվել ու կատարվում նաև այլ ուղղություններով, այդ թվում՝ Հայրենիքի պաշտպանության գործին աջակցելու առումով, որոնց մասին լիազոր մարմինները առանձին հրապարակումներով հանդես կգան»,- նշել է Ա. Բեգարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Խրամորթում ու մյուս գյուղերում մարդիկ չլքեցին իրենց բնօրրանը, Ադրբեջանը կիրառեց իր փորձված վարքագիծը՝ դիմեց սադրանքի. ՄԻՊ
- Ադրբեջանական ներթափանցման պատճառով Խրամորթից տարհանվել են կանայք ու երեխաները
- Խրամորթից ժամանակավորապես այլ բնակավայրեր են տեղափոխվել գյուղի կանայք և երեխաները. Ասկերանի շրջանի վարչակազմ
- Խրամորթի հատվածում իրականացվում է ուժային համապատասխան կառույցների և խաղաղապահների համատեղ ուժեղացված ծառայություն. Արցախի ԱԽ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան