Պեսկովը մեկնաբանել է Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքներին միջուկային հարված հասցնելու առաջարկը
Կրեմլում կոչ են անում ձեռնպահ մնալ Արցախի վերաբերյալ զգացմունքային հայտարարությունից։ Մոսկվան ջանքեր է գործադրում իրավիճակի կարգավորման համար։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Աղբյուրը հիշեցնում է, որ ՌԴ Պետական Դումայի՝ Տնտեսական քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Միխաիլ Դելյագինը ռուսական հեռուստալիքներից մեկի եթերում առաջարկել է Ադրբեջանի նավթարդյունաբերության ենթակառուցվածքներին միջուկային հարվածներ հասցնել։ Ռուս պատգամավորը մարտի 27-ին այս թեմայով հարցում է հրապարակել նաև Թելագրամի իր ալիքում։
«Այդ հայտարարությունը որևէ կերպ չի համապատասխանում ու չի կարող համապատասխանել ՌԴ պաշտոնական գծին։ Այն ուղղակի հայտարարություն է, որը հիմնված է չափից դուրս շատ անձնական էմոցիաների վրա։ Անկասկած, մենք կոչ ենք անում վերահսկել էմոցիաները և ձեռնպահ մնալ նման հայտարարություններից, առավել ևս մեր գործընկերների վերաբերյալ և այն պայմաններում, երբ Ռուսաստանն ակտիվ ջանքներ է գործադրում Ղարաբաղի տարածաշրջանում խաղաղություն պահպանելու համար»,-ասել է Պեսկովը։