Գանձասարի Մատենադարանը շարունակում է իր բնականոն գործունեությունը. Արամ Թորոսյան
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան - Գանձասար գիտամշակութային կենտրոնը բաց է այցելուների համար, այն շարունակում է իր բնականոն գործունեությունը։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց Մատենադարան - Գանձասար գիտամշակութային կենտրոնի տնօրեն Արամ Թորոսյանը։
Հիշեցնենք, որ Մատենադարան - Գանձասար գիտամշակութային կենտրոնի գործունեությունը 44-օրյա պատերազմից հետո ժամանակավոր դադարեցված էր։ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծությունից հետո ամբողջ ցուցադրությունը տեղափոխվել էր Երևան։
«Նախորդ մի քանի օրերին Մատենադարանի թանգարանային համալիրը չի աշխատել կապված գազամատակարարման խնդրի հետ, բայց, ընդհանուր առմամբ, գործունեությունը շարունակվում է, այցելուներ ունենում ենք։ Իհարկե, այցելուները խիստ նվազել են՝ հաշվի առնելով, որ տուրիստական հոսքեր չկան, Հայաստանից էլ են քիչ այցելում Արցախ։ Կոչ կանեի շատ ավելի հաճախ այցելել Արցախ, իհարկե, հասկանում ենք, որ որոշակի անվտանգության երաշխիքներ են անհրաժեշտ։ Այս պահին գործող երաշխիքները, կարծես, բավարար չեն»,- ասաց Ա. Թորոսյանը։
Գանձասար գիտամշակութային կենտրոնի տնօրենը հայտնեց, որ նախատեսում են կազմակերպել գրքերի շնորհանդեսներ, ժամանակավոր ցուցադրություններ։
«Երևանի Մատենադարան տեղափոխած մեր ցուցադրության շուրջ 30 տոկոսն է վերադարձվել։ Տնօրինության որոշումն է եղել մաս-մաս վերադարձնել՝ հաշվի առնելով անվտանգության հետ կապված որոշ հանգամանքներ։ Մոտ ժամանակներս նախատեսում ենք վերադարձնել մնացած մասը։ Նաև չտեղափոխելու մեկ այլ պատճառ կա. մայր կառուցում գործում է «Արցախի ձեռագրական արվեստը» ժամանակավոր ցուցադրությունը, ներկայացված են 44-օրյա պատերազմի ընթացքում տարհանված ձեռագրերը, այսինքն Արցախում գործող ցուցադրությունը ժամանավոր մայր կառույցում է»,- ասաց Ա. Թորոսյանը։
Նա նշեց, որ Մարտակերտի շրջանի Վանք գյուղը, որի մոտակայքում գտնվում է Գանձասարի վանական համալիրը, նաև Մատենադարանը, առանձնապես մոտ չէ թշնամու հետ սահմանին, և քաղաքացիները կարող են ազատ, որ պահին ցանկանան, այցելել Մատենադարան։
«Հիմա մեր հիմնական այցելուներն են տեղացիները, ռուս խաղաղապահները, ժամանակ առ ժամանակ Հայաստանից և Ռուսաստանից եկած պատվիրակությունները»,- ասաց Ա. Թորոսյանը։
Գանձասար վանական համալիրը գտնվում է Արցախի Հանրապետությունում՝ Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում։ Մատենադարանի արցախյան մասնաճյուղը հենց Գանձասարի վանքի հարակից տարածքում է։
Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնը հիմնադրվել է 2015 թվականին։ Այս տարիների ընթացքում ընդհանուր՝ 70-80 հազար այցելու է ունեցել։ 2019-ին Մատենադարանն ունեցել է շուրջ 19 հազար այցելու։
Մատենադարան-Գանձասարում պահվել է ավելի քան 100 ձեռագիր մատյան, այդ թվում նաև բնօրինակ մատյաններ, 3 տասնյակ հնատիպ գրքեր, շուրջ 3 տասնյակ արխիվային արժեքավոր փաստաթղթեր, շուրջ 700 միավոր հայագիտական գրականություն։
Հարակից հրապարակումներ`
- Վերսկսվել է Արցախի գազամատակարարումը Հայաստանից Արցախ մտնող միակ գազատարով. ԱԳՆ
- Ադրբեջանի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը. Տեղեկատվական շտաբ
- Ռուս խաղաղապահները ավելի քան 100 ուխտավորի ուղեկցել են Ամարասի և Գանձասարի վանական համալիրներ
- Պարգև սրբազանն ու Արցախի թեմի առաջնորդն այցելել են Գանձասարի վանք
- Գանձասարի Մատենադարանի գործունեությունը դադարեցնելու մտադրություն չունենք. Արամ Թորոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան