Քննիչները չեն կարողանում առարկայական արդյունք ապահովել
«Անկեղծ ասած՝ առարկայական որևէ արդյունք չունենք նոր քննության արդյունքում»,- այսօր «Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների գործերը՝ առկախված» թեմայով քննարկում-ասուլիսի ժամանակ հայտնեց «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ փաստաբան Արայիկ Պապիկյանը՝ ներկայացնելով 2020 թվականին Նիկոլ Փաշինյանի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի ուսումնասիրությունների արդյունքները:
Ասուլիսի մեկնարկին «Մեդիա կենտրոն»-ի համակարգող Լիլիթ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հեղափոխությունից մի քանի ամիս անց որդեկորույս ծնողները հանդիպել էին Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո վերջինս կառավարության նիստում հայտարարեց՝ խնդրին լուծում կտրվի և 2019 և 2020 թթ-ին երկու անգամ որոշում ընդունեց աշխատանքային խմբեր ձևավորել, որը պետք է ուսումնասիրեր 8 զինծառայողի մահվան հանգամանքները:
Արայիկ Պապիկյանը հայտնեց, որ աշխատանքային խումբը 10-15 տարվա վաղեմության գործերի ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ կա այնպիսի անդառնալի իրավիճակ, որ հնարավոր չէ օբյեկտիվորեն վեր հանել ենթադրյալ հանցանքը գործած անձանց կամ այնպիսի տվյալներ, որոնք հնարավորություն կտային ճշմարտությունը բացահայտնել և այն փոխանցել ծնողներին:
Նրա խոսքով՝ քննիչները չեն կարողանում առարկայական արդյունք ապահովել, քանի որ չեն պահպանվել դեպքերի վայրերը, փաստաթղթային արխիվները, որոնցից շատերի արխիվային պահպանման ժամկետը երկու տարի է եղել:
Փաստաբանը նշեց, որ դրանք պետք է թվայնացվեին և լինեին կցված քրեական գործերին, որը չի արվել:
«Այդ փաստաթղթերը չպահպանելով՝ մենք ունենք այնպիսի մի անելանելի վիճակ, որ պետությունը չի կարող հաստատապես ապացուցել իր այն պաշտոնական վարկածը, որ դեպքը եղել է կա՛մ ինքնասպանություն, կա՛մ դժբախտ պատահար, կա՛մ հոսանքահարություն, կա՛մ առողջական խնդիրներ»,- հայտնեց Պապիկյանը և հավելեց, թե չկան նաև ապացույցներ, որոնք հաստատեն զոհվածների ծնողների պնդումները, որ դրանք եղել են ինքնասպանության նմանակումներ կամ սպանություններ, քանի որ այդ ուղղությամբ ժամանակին քննություն չի տարվել:
Նա տեղեկացրեց, որ աշխատանքային խումբն ավարտել է երեք մահացած զինծառայողների՝ Վալերի Մուրադյանի, Տիգրան Օհանջանյանի և Արթուր Ղազարյանի գործերի քննությունը և եզրակացությունը ներկայացվել է վարչապետին, վարույթն իրականացնող պետական մարմիններին և ծնողներին:
Ասուլիսին ներկա վերոնշյալ զինծառայողների ծնողները հայտնեցին, որ վերջին ուսումնասիրող խմբի աշխատանքից գոհ են, բայց գոհ չեն իշխանությունների գործողություններից, քանի որ ոչ մի քայլ չեն արել գործերը բացահայտելու ուղղությամբ, իսկ իրենց զավակների վիճահարույց մահվան հանգամանքները քննող բոլոր քննիչներն այսօր ավելի բարձր պաշտոններ են զբաղեցնում:
Արթուր Ղազարյանի ծնողը՝ Իրինա Ղազարյանը հայտնեց, որ անձամբ Նիկոլ Փաշինյանին հայտնել է, որ իր որդու գործը քննող քննիչը հիմա բարձր պաշտոն է զբաղեցնում և նրան պետք է գործից ազատել, ինչին ի պատասխան Փաշինյանը ասել է, թե չի կարող բոլորին ազատել:
«Ինձ համար թիվ մեկ հարցն այն է, թե արդյոք պատահականություն է, որ չկան դեպքի վայրերը, որ տարիներ շարունակ գործերը քննվել են տարբեր մարմիններում, ունեցել են վերահսկող դատախազներ և որևէ դատախազ որևէ քննիչի չի ասել, որ անհրաժեշտություն կա այդ գործերն ավելի լիարժեք և բազմակողմանի քննել»,- իր հերթին հայտարարեց «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը:
Նրա խոսքով՝ իրավապահները զբաղվել են գործերի կոծկմամբ, քանի որ գիտեին, որ գալու էր մի պահ, երբ վաղեմության ժամկետի լրանալու պատճառով որևէ մեկին պատասխանատվության ենթարկել այլևս հնարավո չի լինելու, այդ թվում նաև հանցագործ քննիչներին:
«Մարդիկ, ովքեր դրոշակ սարքելով արդարությունը, նախկինների արած սրիկայությունները, հանցագործությունները բացահայտելը եկան իշխանության, նրանք որդեգրեցին նախկինների նույն ձեռագիրը՝ ձգձգել ու ոչինչ չանել»,- ասաց Կարապետյանցը՝ հավելելով, որ իրավիճակից ելքն անցումնային արդարադատության ստեղծումն է::
Նկատելով, որ Նիկոլ Փաշինյանը երկու անգամ է բանակում զոհված զինծառայողների խնդիրն ուսումնասիրող աշխատանքային խումբ ստեղծել՝ ՀԿ նախագահը հայտարարեց, որ Փաշինյանը այն ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցնող ոչ մեկին չհարցրեց, թե ինչու է ինքը ստիպված 2019 թվին ստեղծված խմբի փոխարեն երկրորդ խումբը ստեղծել և այդ դեպքում առաջին խումբն ինչո՞վ է զբաղվել: