97 անձ Հայաստանում շարժունակությունը վերականգնող MetaGait նորարարական սարք կստանա
ՔայլՏեք ընկերությունը, որը 2016 թվականի պատերազմից ի վեր զբաղվում է վիրավոր մարտիկների համար շարժունակությունը վերականգնող և աջակցող սարքերի արտադրությամբ, «ռեԱրմենիա» հարթակում մեկնարկել է դրամահավաքի նախագիծ, որի արդյունքում 97 հոգի կստանա ընկերության կողմից առաջարկվող նորարարական MetaGait սարքը՝ ռեաբիլիտացիա անցնելու համար։
Հարթակից մանրամասնում են, որ ըարիների ընթացքում թիմը մշակել ու փորձարկել է սարքի մի քանի տարբերակ։ Վերջինը՝ MetaGait-ը, ներառում է վերականգնողական սարքը, որի վրա նույնիսկ ամբողջությամբ շարժունակությունը կորցրած անձը կարող է ուղիղ կանգնել և «քայլել», ինչպես նաև վիրտուալ իրականության ակնոց (VR), որը թույլ է տալիս ռեաբիլիտացիան համատեղել խաղի հետ՝ դահուկ քշել կամ շրջել դիտարժան վայրերում։ Բացի այդ, ռեաբիլիտացիա անցնող մարտիկները կարող են պայմանավորվել և առցանց միաժամանակ միանալ VR-ին ու ընթացքում շփվել։
«MetaGait-ը թույլ է տալիս կանխարգելել անշարժունակությունն ուղեկցող ավելի քան 30 հիվանդություններ, որոնք զարգանալու դեպքում կարող են մահացու լինել։ Իսկ մեր մասնագետների մշակած 3D խաղերը այնպես ալգորիթմներով են աշխատում, որ հասկանում են, թե որ մկաններին է պետք առավել ուշադրություն դարձնել ու ակտիվացնում են դրանք։ Խաղացողը, տարվելով խաղով, անգիտակցորեն փորձում է շարժել ոտքերը կամ ձեռքերը, ու դա նպաստում է նեյրոնային կապերի ստեղծմանն ու արագացնում է ռեաբիլիտացիան»,- նշել է ՔայլՏեք ընկերության հիմնադիր, կինեզիստ Դավիթ Արսենյանը։
«Պատկերացրեք՝ ինչ կլինի, եթե մի քանի օր չքայլեք։ Մկանների ատրոֆիա կստանաք։ Ես առաջինն էի, ով տանը MetaGait ունեցավ։ Իմ բախտը բերեց, ու հիմա իմ վերականգնումը մի քանի անգամ արագ է անցնում։ Միայն այն, որ ես հիմա կարող եմ ոտքի վրա կանգնել ու սուրճ խմել, արդեն մեծ առաջընթաց է», - ասել է 44-օրյա պատերազմի մասնակից Վարդան Վարդանյանը, որը վիրավորում է ստացել 2020 թ․ հոկտեմբերի 10-ին։
Մեկնարկած դրամահավաքի նպատակն է հավաքել 75 մլն դրամ, որը թույլ կտա պատրաստել և բաժանել 35 սարք այն մարդկանց, որոնք այս պահին ամենաշատն ունեն դրա կարիքը։
35 սարքից 15-ը տրամադրվելու է վերականգնողական հաստատությունների՝ Խարբերդի մասնագիտացված մանկատուն, Ոսկեփորիկ զարգացման կոնտրոն (Եղեգնաձոր), Լուսե կենտրոն (Երևան), Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր (Երևան), Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն (Արցախ), ևս 20 սարք տրամադրվելու է անհատների, որոնք չեն կարող այցելել որևէ կենտրոն։
Հարակից հրապարակումներ`
- Հակոբավանքի վերանորոգումն այն լույսի առկայծումն է, որ պետք է տա մեր ժողովրդին ապրելու, արարելու, մնալու Արցախում. Վրթանես Սրբազան
- Արցախում ազդարարվեց «Հակոբավանքի վերածնունդ»-ի մասին