Արարատ Միրզոյանը թուրքական լրատվամիջոցին ներկայացրել է իր կարծիքը, որը հիմնավորող հետազոտություն գոյություն չունի
Հայաստանի ԱԳՆ-ը չի կարողացել տրամադրել որևէ հստակ հետազոտություն, որը հիմք է տվել ՀՀ արտաքին գործերի նախարարին հայտարարել, թե Հայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ: Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն ու հիշեցնում, որ Արարատ Միրզոյանը նման վիճելի հայտարարությամբ էր հանդես եկել «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում՝ ասելով. «Հայաստանի բնակչությունն, ընդհանուր առմամբ, ցանկանում է կարգավորել հարաբերությունները»։
Այդ հայտարարությունից հետո «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ԱԳՆ՝ պարզելու, թե այդ հայտարարությունը եղել է նախարարի կարծիքը, թե այն հիմնված է հետազոտության, սոցհարցման արդյունքների վրա։
Լրատվամիջոցը նաև խնդրել է հայտնել, թե ում կողմից և երբ է կատարվել այդ հետազոտությունը, ինչ հարցերի շրջանակ է ուսումնասիրվել ու ինչ արդյունքներ են արձանագրվել։ Միաժամանակ խնդրել էինք տրամադրել նաև արտգործնախարարի հայտարարության համար հիմք հանդիսացած սոցհարցման կրկնօրինակը։
Սակայն պարզվել է, որ նախարարն ընդամենը ներկայացրել է իր կարծիքը, որը հիմնավորող հետազոտություն գոյություն չունի։
«Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարի կողմից նեկայացված այն կարծիքը, որ Հայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, հիմնված է հասարակական կարծիքի վերաբերյալ իրականացված հարցումների վրա, որոնք հասանելի են համացանցային բաց աղբյուրներում»,- նշված է ԱԳՆ-ի գրավոր պատասխանում։
«Նկատենք, որ բաց աղբյուրներում առկա հարցման արդյունքները փաստում են հակառակի մասին, որ Հայաստանի հասարակությունն ամենևին էլ պատրաստ չէ ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը, ավելին՝ այդ երկու երկրները համարում են սպառնալիք Հայաստանի համար:
Հիշեցնենք, որ ամերիկյան IRI կազմակերպությունը դեռևս 2021թ-ին հարցում էր իրականացրել՝ հայ հասարակության հանրային կարծիքը պարզելու համար: Ըստ ամերիկյան կազմակերպության հարցման արդյունքների՝ հարցվածների 90%-ը՝ Թուրքիան, և 77%-ը՝ Ադրբեջանը համարում են Հայաստանի համար գլխավոր քաղաքական սպառնալիք ներկայացնող երկրներ։
Հարցվածների միայն 29%-ն է կարծում, որ Թուրքիայի հետ պետք է հաստատվեն առանց նախապայմանների հարաբերությունները։
Հարցվածների շուրջ կեսը գտնում է, որ Թուրքիայի հետ պետք է սկսել երկխոսությունը, սակայն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պետք է մնա մեր օրակարգում, իսկ 48%-ը նաև կարծում է, որ Հայաստանը պետք է առաջադրի իր նախապայմանները։
Այսպիսով՝ արտգործնախարարությունն իր գրավոր պատասխանով ապացուցել է, որ Արարատ Միրզոյանը չի ունեցել որևէ հիմք նման վիճարկելի հայտարարություն անելու համար»,-գրում է «Փաստինֆո»-ն։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի քաղաքացիները ՀՀ-ում 72 գույք են ձեռք բերել, Ադրբեջանի քաղաքացիները՝ 5-6․ Կադաստրի կոմիտեի ղեկավար
- Հարութ Սասունյան. Թուրքիայի հետ Հայաստանի անհարկի բանակցությունների թակարդները
- Թուրքիայի հետ երկխոսության մեջ մտնելը նշանակում է օգնել թուրք-ադրբեջանական տանդեմին և լեգիտիմացնել պատերազմի հետևանքները. Վահե Հակոբյան
- Հայտարարել ենք՝ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը. Արմեն Գրիգորյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին