Մենք իշխանությունների տուն թեյ խմելու չենք գնացել. Արթուր Խաչատրյան
Մարտի 27-ին Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում կայացած ՏԻՄ արտահերթ ընտրություններում հաղթեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Երկրորդ փորձից նոր հաջողվեց իշխանությանը «վերցնել» նաև այս համայնքը։ Այս ընտրություններից հետո կրկին սկսվեցին խոսակցությունները, որ, փաստորեն, ընտրությունների միջոցով հնարավոր չէ այս իշխանությունից ազատվել։ Այդ դեպքում ո՞րն է գործող իշխանություններին հեռացնելու ճանապարհը։ Այդ ճանապարհների ու ելքերի մասին շատ է խոսում ընդդիմությունը, սակայն դեռ որևէ արդյունք չկա։
Panorama.am-ն ընդդիմության քայլերի, իշխանությունների հեռացման ռազմավարության մասին զրուցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ։
Panorama.am - Պարոն Խաչատրյան, Վեդիի ընտրություններից հետո կրկին ակտիվացան խոսակցությունները, որ այս իշխանություններին ընտրություններով հնարավոր չէ հեռացնել։ Ո՞րն է, ըստ ձեզ, ելքը։
Ա. Խաչատրյան - Կատեգորիկ չէի ասի, որ ընտրությունների միջոցով որևէ կերպ հնարավոր չէ այս իշխանություններին հեռացնել։ Ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանությունները պատրաստ են հնարավոր և անհնար բոլոր միջոցներով, ներառյալ պաշտպանության նախարարության՝ քարոզարշավին անմիջական մասնակցությամբ, այն դեպքում, երբ Հայաստանն ունի անվտանգային բազմաթիվ խնդիրներ, պայքարել մի համայնքում ղեկավարի պաշտոն ձեռք բերելու համար։ Իրենց համար ավելի կարևոր է պաշտպանության նախարարը գնա այնտեղ, իրենց ակտիվի հետ հանդիպի, քան Հայաստանի ու Արցախի անվտանգային խնդիրները լուծի։ Մեզ համար դա նորություն չէ։
Բազմաթիվ անգամներ ասել ենք, որ պետք է խորհրդարանական և արտախորհրդարանական պայքարի ձևերը սինխրոնացնել, որպեսզի հնարավորինս շուտ Հայաստանում ձևավորվի ազգային իշխանությունը, քանի որ այս իշխանություններն իրենց վերջին հայտարարություններով ևս մեկ անգամ փաստեցին, որ Հայաստանն իրենց ղեկավարությամբ ապագա չունի։ Ադրբեջանը խոսում է պատերազմի, ուժի լեզվով, այս մարդիկ պատրաստ են գնալ միակողմանի զիջումների և խաղաղության պայմանագրի։ Իսկ այդ խաղաղության պայմանագրի մեջ ի՞նչ պետք է գրված լինի, ի՞նչ պայմաններով է լինելու այդ խաղաղությունը, արդյո՞ք Ադրբեջանը խաղաղություն է ուզում, այլ ոչ թե անվերապահ կապիտուլյացիա։
Panorama.am - Այսօր հաճախ է կարծիք հնչում, որ ընդդիմությունը գնաց, նստեց թշնամական իշխանության հետ կողք-կողքի՝ նկատի ունենալով խորհրդարանը։ Ընդդիմության քայլերը որո՞նք են։
Արթուր Խաչատրյան - Անտրամաբանական պնդումներ են, խորհրդարանն արտացոլում է ընտրության արդյունքները։ Մենք իշխանությունների տուն թեյ խմելու չենք գնացել։ Ի՞նչ է նշանակում գնացին, նստեցին իրենց աթոռներին։ Խորհրդարանական պետություն է, ընտրություններով ձևավորվեց այս իշխանությունն ու ընդդիմությանը։ Այլ խնդիր է, որ ունենք որոշակի վերապահումներ այս ընտրության թափանցիկության, արդարության վերաբերյալ, ինչի մասին բազմաթիվ անգամներ բարձրաձայնել ենք։ Բայց այդ հայտարարությունները, որոնք արվում են, նպատակ ունեն վարկաբեկել, թուլացնել այս ընդդիմությունը, իսկ եթե այս ընդդիմությունը թուլանա, կուժեղանա ներկայիս իշխանությունը։
Իհարկե, կան մարդիկ, ովքեր անկեղծորեն ավելի մեծ ակնկալիքներ ունեն, գտնում են, որ ընդդիմությունը պետք է ավելի ակտիվ քայլերի դիմի, բայց այն, որ կան քաղաքական խմբեր ու խմբակներ, որոնք փորձում են վարկաբեկել այսօրվա խորհրդարանական ընդդիմությանը, իրենց նպատակն ակնհայտ է ու անթաքույց։
Panorama.am - Որո՞նք են լինելու ընդդիմության քայլերը։ Հաճախ էին ընդդիմադիրները հայտարարում, որ փողոցային պայքարը սկսվելու է։
Ա. Խաչատրյան - Մենք հանդիպում ենք մարդկանց հետ Երևանում, մարզերում։ Հույս ունեմ, դուք էլ չեք ակնկալում, որ հիմա ես ձեզ կասեմ ապրիլի x-ին լինելու է սա, ապրիլի y-ին լինելու է այն, ապրիլի z-ին լինելու է լրիվ այլ բան։
Panorama.am - Այսինքն, ընդդիմությանն ունի հստակ ռազմավարություն։
Արթուր Խաչատրյան – Ընդդիմությանն ունի հստակ պատկերացում, կարող եք ռազմավարություն էլ ասել, բայց հստակ պատկերացում։ Խորհրդարանը քաղաքական պայքարի հարթակներից մեկն է։
Panoramama.am - Առաջիկայում ընդդիմության կողմից սպասենք քայլեր։
Արթուր Խաչատրյան - Այո։
Հ.Գ.- Սովորաբար այս ժամին հարցազրույցներ չենք դնում, բայց այս թեմային բացառություն կանենք՝ կարող է գիշերը սկսվի փողոցային պայքարը, նյութը հնանա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան