«Հրապարակ». Փաշինյանը որոշել է ազատվել Բեղլոյանից, որոշել են նրան նոր՝ անշառ պաշտոն առաջարկել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը շարունակում է կասկածել ու ասպարեզից հեռացնել բոլոր նրանց, ովքեր ինչ-որ չափով իրենցից վտանգ են ներկայացնում։ Նա անվերապահ նվիրվածություն և ստրուկի հնազանդություն է պահանջում թիմակիցներից։ Մեկ կիքսը կամ կես-ինքնուրույնությունը կարող է ճակատագրական լինել ցանկացածի համար։ Երեկ գրել էինք, որ իշխող ՔՊ-ում քննարկել են պատգամավոր Անուշ Բեղլոյանին Տնտեսական մրցակցության հանձնաժողով գործուղելու հարցը։
Պարզվում է՝ որոշումը կայացրել է Փաշինյանը, ԱԺ խմբակցության իր վստահելիների «նավոդկայով»։ Նրան զեկուցել են, որ Բեղլոյանը կասկածելի կապերի մեջ է անհայտ շրջանակների հետ, մասնակցում է ինչ-ինչ քննարկումների, որոնց չպետք է մասնակցի, և որոնք համաձայնեցված չեն ՔՊ «պոլիտբյուրոյի» հետ, գրեթե չի շփվում իրենց հետ։ Մի խոսքով, համայնքը բողոքել է, և Փաշինյանը որոշել է ազատվել Բեղլոյանից, բայց քանի որ ոչ մեկի հետ չեն ուզում թշնամանալ, որոշել են նրան նոր՝ անշառ պաշտոն առաջարկել, որտեղ նրանից գրեթե ոչինչ կախված չէ։ Աշխատավարձ կստանա ու վտանգ չի ներկայացնի թիմի համար։
Բանն այն է, որ ՔՊ ղեկավարությունն է որոշում, թե որ պատգամավորն ուր գնա, ինչ խոսի, որ լրատվամիջոցին հարցազրույց տա, որին մերժի։ Փաշինյանն արգելել է բոլոր վտանգավորներին հարցազրույցներ տալ, հեռուստաեթերում երևալ։ Դա հատկապես վերաբերում է նորեկներին և կանանց գվարդիային։ Եվ ՔՊ-ական 71 հոգանոց խմբակցությունից միայն մի քանիսն ունեն լրագրողների հետ շփվելու իրավունք։
Սրանով էր պայմանավորված նաև փաշինյանական նոուհաուն՝ ԱԺ լրագրողների տեղաշարժը սահմանափակելը, որ չկարողանան մոտենալ ՔՊ-ական անմեղսունակ և քաղաքականապես տհաս պատգամավորներին, ցանկացած թեմայով հարց տալ և նրանց մտավոր կարողություններն ու պատրաստվածությունը հանրությանն ի ցույց դնել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում