Պետդումայում Դելյագինի նկատմամբ հետախուզում հայտարարելը որակել են նյարդային ու սխալ քայլ
Ռուսաստանի Պետական Դուման արձագանքել է «Արդար Ռուսաստան-Հանուն արդարության» խմբակցության պատգամավոր Միխայիլ Դելյագինի նկատմամբ Ադրբեջանի կողմից միջազգային հետախուզում հայտարարելուն։
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, Դումայի միջազգային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսեյ Չեպան Ադրբեջանի այդ գործողությունը որակել է նյարդային ու սխալ։
«Սա նյարդային, սխալ գործողություն է: Մենք կարձագանքենք նման հայտարարություններին, հիմա կփորձենք որոշակի քայլեր ձեռնարկել մեր գործընկերներին հանգստացնելու համար:
Կարծում եմ, պետք է մի քիչ հանգստանալ: Իսկ Դելյագինը պետք է ինչ-որ կերպ ավելի զուսպ լինի և մի փոքր ծանր ու թեթև անի բառերը: Ես հասկանում եմ, որ հիմա իրավիճակը նյարդային է, և կար Ղարաբաղյան հակամարտության սրացում, բայց մենք պետք է ավելի զուսպ լինենք»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ՌԴ Պետական Դումայի՝ Տնտեսական քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Միխայիլ Դելյագինը ռուսական հեռուստալիքներից մեկի եթերում առաջարկել է Ադրբեջանի նավթարդյունաբերության ենթակառուցվածքներին միջուկային հարվածներ հասցնել։ Ռուս պատգամավորը մարտի 27-ին այս թեմայով հարցում է հրապարակել նաև Թելագրամի իր ալիքում։
Մեկնաբանելով այդ հայտարարությունը՝ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել էր. «Այդ հայտարարությունը որևէ կերպ չի համապատասխանում ու չի կարող համապատասխանել ՌԴ պաշտոնական գծին։ Այն ուղղակի հայտարարություն է, որը հիմնված է չափից դուրս շատ անձնական էմոցիաների վրա»։
Դելյագինի հայտարարությունից հետո Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Միխայիլ Դելյագինի հայտարարությունների փաստով իրականացվում է քննություն, և որ դրանք հակասում են երկու երկրների համագործակցության սկզբունքներին։
«Դրա հետ կապված Ադրբեջանը Դելյագինի նկատմամբ հայտարարել է հետախոզում»,-ասված է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել ռուս պատգամավորի նկատմամբ
- Պեսկովը մեկնաբանել է Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքներին միջուկային հարված հասցնելու առաջարկը