Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել ռուս պատգամավորի նկատմամբ
Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել ՌԴ պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինի նկատմամբ։ Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի գլխավոր դատախազությանը։
Հիշեցնենք, որ ՌԴ Պետական Դումայի՝ Տնտեսական քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Միխայիլ Դելյագինը ռուսական հեռուստալիքներից մեկի եթերում առաջարկել է Ադրբեջանի նավթարդյունաբերության ենթակառուցվածքներին միջուկային հարվածներ հասցնել։ Ռուս պատգամավորը մարտի 27-ին այս թեմայով հարցում է հրապարակել նաև Թելագրամի իր ալիքում։
Մեկնաբանելով այդ հայտարարությունը՝ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել էր. «Այդ հայտարարությունը որևէ կերպ չի համապատասխանում ու չի կարող համապատասխանել ՌԴ պաշտոնական գծին։ Այն ուղղակի հայտարարություն է, որը հիմնված է չափից դուրս շատ անձնական էմոցիաների վրա»։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Միխայիլ Դելյագինի հայտարարությունների փաստով իրականացվում է քննություն, և որ դրանք հակասում են երկու երկրների համագործակցության սկզբունքներին։
«Դրա հետ կապված Ադրբեջանը Դելյագինի նկատմամբ հայտարարել է հետախոզում»,-ասված է հայտարարության մեջ։