Նատալյա Ռոտենբերգ. Ես ոչինչ չեմ կորցրել, կորցրեցին նրանք
«Ես ոչինչ չեմ կորցրել։ Կորցրեցին նրանք, մեր երեխաները, մեր գիմնաստները։ Ես 40 տարի ինչ-որ կերպ ապրել եմ, եղել եմ հաջողակ, նշանակալի, այլ նախագծեր եմ արել։ Ես ոչինչ չեմ կորցնում»,- ասուլիսում ասաց «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի կինը՝ նախկին մարզուհի, բալետի պարուհի Նատալյա Ռոտենբերգը, ում հետ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան դադարեցրել է համագործակցությունը։
Հիշեցնենք՝ այս տարվա փետրվարի 4-ին ԿԳՄՍ նախարարությունից հայտնել էին, որ Նատալյա Ռոտենբերգը նշանակվել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գեղարվեստական մարմնամարզության գծով փոխնախագահի պաշտոնում։ Երեկ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնեցին, որ Նատալյա Ռոտենբերգն այլևս չի հանդիսանում Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահ և ՀՄՖ-ն դադարեցնում է նրա հետ համագործակցությունը:
«Ես հիմա էստաֆետային փայտիկը տալիս եմ մեր ֆեդերացիային։ Չէ՞ որ հիմա նրանք են դրանով զբաղվելու»,- ասաց Նատալյա Ռոտենբերգը՝ հույս հայտնելով, որ առաջիկա ամիսների համար պլանավորած նախագծերը ֆեդերացիան կիրականացնի։
Նա նշեց, որ եթե ինքը սկսում է որևէ գործ անել, ապա լավ է անում, այլապես ընդհանրապես չի զբաղվի։
Նատալյա Ռոտենբերգը մանրամասն ներկայացրեց, թե այս ամիսների ընթացքում ինչ է արել ֆեդերացիայի ու գիմնաստների համար. «Այս սպորաձևում մենք զբաղեցնում ենք նվաստացուցիչ դիրք։ Ինձ համար մեծ մարտահրավեր էր՝ այս ամենը դնել նորմալ ռեյլսերի վրա ու փրկել այս սպորտաձևը։ Կարճ ժամանակահատվածում ես կարողացա անել այն, ինչ նրանք չեն կարողացել անել 40 տարում»։
Նա ասաց, որ մարզիչները որևէ բան չեն պահանջում երեխաներից, իրար հետ են խոսում, չեն մարզում։
«Ես ասացի՝ պետք է վերջ դրվի դրան, փոխենք վերաբերմունքը այս սպորտաձի նկատմամբ, ֆիթնեսի կամ ֆիզկուլտուրայի մակարդակից հասցնենք սպորտաձևի մակարդակի։ Որոշները ծիծաղեցին, որոշները հավատացին»,- նշեց նա։
Նատալյա Ռոտենբերգը պատմեց, որ ինքն ավելացրել է դատավորների թիվը, քանի որ այս տարիների ընթացքում չեն կարողացել դաստիարակել դատավորների, իսկ միջազգային հարթակներում Հայաստանի անունից որպես դատավոր էր հանդես գալիս ՌԴ-ի կողմից տրամադրած դատավորը, հրավիրել է հայտնի մասնագետի։
«Ես խնդրում էի Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանին չխառնվել գեղարվեստական գիմնաստիկայի գործերին, քանի որ սա կանացի սպորտաձև է, աղջիկներ են։ Բայց, ցավոք, ֆեդերացիան պարբերաբար միջամտում էր մեր գործընթացներին, շարժումներ անում, որոնք ինձ դուր չէին գալիս։ Բայց նրանք են գլխավորը, չէ՞, նա է ֆեդերացիայի նախագահը։
Ես խնդրեցի սկզբում ստեղծել գեղարվեստական մարմնամարզության առանձին ֆեդերացիա, Վանոյանն ինձ խնդրեց սպասել՝ խոստանալով, որ 6 ամիս անց գեղարվեստական մարմնամարզությունը կանջատվի։
Երբ խոսքի, գործի մարդիկ սկսում են որևէ բան անել, շատերին դա դուր չի գալիս։ Չէ՞ որ նրանք ոչինչ չեն անում։ Այդ իսկ պատճառով ինչ տեղի է ունենում, ինձ հասկանալի է։ Ես միայն անհանգստանում եմ աղջիկների համար, որոնց մոտ հույս էր արթնացել։ Հույս ունեմ՝ այդ հույսը կպահպանվի»,- ասաց Ռոտենբերգը՝ հիշեցնելով գիմնաստներին իր խորհուրդները՝ ամենագլխավորը՝ ձեր առջև պետք է լինի Հայաստանի դրոշը, գնալ մինչև վերջ, երբեք չհանձնվել, «եթե սկսելու ես, մինչև վերջ գնա, եթե սկսելու ես, հաղթի»։
Նա նշեց, որ աշխատավարձ չի ստացել, աշխատել է իր սեփական նախաձեռնությամբ՝ անվճար, իր հետ համագործակցության դադարեցման մասին լսել է այլ մարդկանցից, ֆեդերացիայի նախագահը կամ ԿԳՄՍ նախարարությունից որևէ մեկն իր հետ քաջություն չի ունեցել հանդիպել ու խոսել։
Ինչ վերաբերում է Գագիկ Վանոյանի հայտարարությանը, որ Նատալյա Ռոտենբերգը մարզիչներին ուղղորդել է դառնալ իրենց կուսակցության անդամ, գնալ, գրանցվել. «Այդ ամենի մասին տեղեկանալով՝ ես որոշում եմ կայացրել դադարեցնել մեր համագործակցությունը և հեռացնել նրան ՀՄՖ փոխնախագահի պաշտոնից», նա ասաց, որ որևէ մեկի համար գաղտնիք չէր, որ ինքը զբաղվում է քաղաքականությամբ, Հայաստան է եկել հենց քաղաքականության համար, ամուսինը ցանկացել է մասնակցել 2021 թ. խորհրդարանական արտահերթ ընտրություններին։
«Եթե որևէ մեկին թվում է, որ չեմ զբաղվի քաղաքականությամբ, սխալվում է։ Ես երկրորդ բարձրագույն կրթություն եմ ստացել՝ պետական կառավարում։ Ինչի՞ համար եմ ստացել, որ նստեմ տանը, կարկանդակ պատրաստե՞մ կամ լավաշ թխե՞մ։ Կրթություն եմ ստացել, որ աշխատեմ պետական համակարգում, լավացնեմ երկրի, մեր ժողովրդի վիճակը»,- ասաց Ռոտենբերգը։
Ըստ նրա, իր հետ համագործակցության դադարեցման պատճառն այլ է. «Ես կարծում եմ, չնայած որևէ մեկն ինձ չի բացատրել, այն է, որ սկսել եմ դուր գալ մարդկանց, ես հեղինակություն եմ ձեռք բերել, մարդիկ սկսել են ինձ աջակցել, իմ կողքը կանգնել։ Կարծում եմ՝ ուղղակի վախեր են, մեր ֆեդերացիայի, կառավարության վախերը, որ Նատալյա Սերգեևնան հնարավոր է բնակչության մեծ մասի ուշադրությունն իր վրա հրավիրի։ Ես սա չեմ բացառում»։
Հարակից հրապարակումներ`
- Ռոտենբերգը որոշել է ներկայացնել իրական շարժառիթը
- Մարմնամարզության ֆեդերացիան դադարեցնում է Նատալյա Ռոտենբերգի հետ համագործակցությունը
- Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, մտադիր է Հայաստան հրավիրել օլիմպիական չեմպիոնների
- Հավանական է, որ Նատալյա Ռոտենբերգին կվստահվի պաշտոն. Գիլոյան
- Նատալյա Ռոտենբերգը Հայաստանում կգլխավորի կանանց շարժումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան