Այս նոր կապիտուլիացիայի ստորագրումը արդարացվելու է նոր լայնամասշտաբ պատերազմից խուսափելու «ցանկությամբ». Վարուժան Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«Դատելով տարածաշրջանային գործընթացների վերջին շաբաթների տրամաբանությունից, բաց աղբյուրներում առկա տեղեկատվությունից, ինչպես նաև տեղեկատվական տարբեր արտահոսքերից ու արշավներից, այս պահին կա իրավիճակի զարգացման երկու հնարավոր և խիստ հավանական տարբերակ.
Տարբերակ Ա. Հայաստանի դե ֆակտո իշխանությունը առաջիկա շաբաթներին կստորագրի Ադրբեջանի հետ այսպես կոչված «խաղաղության պայմանագիր», որը կներառի ոչ միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն ու Արցախից հայկական պետության իրավական հրաժարումը, այլ նաև Տավուշի, Արարատի ու Սյունիքի մարզերում Ադրբեջանին նոր տարածքային զիջումները և Սյունիքով «թյուրքական միջանցքների» բացումը։
Այս նոր կապիտուլիացիայի ստորագրումը արդարացվելու է նոր լայնամասշտաբ պատերազմից խուսափելու «ցանկությամբ», որի տեղեկատվական նախապատրաստությունը վաղուց ընթանում է կապիտուլիանտի ու իր խմբավորման կողմից։ Ադրբեջանի հետ պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո կբացվի նաև Թուրքիայի հետ սահմանը։ Եւ Հայաստանը կդառնա լիարժեք թուրքական ազդեցության գոտի՝ թաղելով ոչ միայն Արցախի վերաազատագրման գաղափարը, այլև ընդհանրապես առաջիկա տասնամյակներում հայկական պետություն ունենալու հնարավորությունը։
Տարբերակ Բ. Հայաստանի դեմ առաջիկա օրերի կամ շաբաթների ընթացքում կսկսվի Ադրբեջանի մեծածավալ ռազմական հարձակումը՝ ոչ միայն Արցախում, այլև Սյունիքի, Արարատի և մի քանի այլ ուղղություններով։ Բնականաբար, ներկայիս դե ֆակտո թուրքամետ ղեկավարությամբ ճիշտ դիմադրություն կազմակերպելու մեր հնարավորությունները խիստ սահմանափակ են, իսկ ապավինել որևէ այլ պետության կամ դաշնակցի օժանդակությանը, հատկապես, եթե հենց ՀՀ ղեկավարությունը չի պատրաստվում պատերազմել, միամտություն է (առավելագույնը, որ կանեն երրորդ երկրները՝ իրենց բաժին շահերի անվտանգությունը ապահովելն է)։
Պատերազմում սեփական տգիտությամբ նորից պարտված խմբավորումը փաշինյանի գլխավորությամբ, որը մի անգամ արդեն ստորագրել է կապիտուլիացիա, դա կանի երկրորդ անգամ ևս առանց որևէ խոչընդոտի, քանի որ ունի միայն մեկ խնդիր՝ մնալ իշխանության, այլ ոչ ապահովել Հայաստանի ու հայության շահերը։
Ինչպես կռահում ենք, Հայաստանի պետականությունը փրկելու միակ հնարավորությունը թե՛ պատերազմի դաշտում, թե՛ դիվանագիտական հարթությունում ներկայիս դե ֆակտո թուրքամետ իշխանության հեռացումն է և դեռևս առկա ազգային ռեսուրսների անհապաղ միավորումը»։
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Վրթանեսյան. Ես դիտարկում եմ Հայաստանի իշխանություններին որպես օկուպացիոն վարչակարգ
- Իրավիճակը փրկելու միակ տարբերակը զինված համակարգված դիմադրությունն է և բանակցողի փոփոխությունը. Գեղամյան
- Քանի Հայաստանը նորից չի վերադարձել Արցախի քաղաքական ճանաչման գործին, Արցախն այսպես դանդաղ մաշվելու է. Վարուժան Գեղամյան
- Ալիևի խոստովանությունն ամփոփ տալիս է պատասխանը, թե ինչ է իրականում կատարվել կապիտուլիացիայի պատճառով. Գեղամյան
- Ադրբեջանում թողարկվել է թեյերի հատուկ հավաքածու, որի վրա պատկերված են Սևանը, Սյունիքը, Երևանը. Վարուժան Գեղամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան