Բերձորի միջանցքի համեմատությունը ՀՀ տարածքով բացվելիք ճանապարհի հետ անընդունելի է. Փաշինյան
«Չմտնելով մանրամասների մեջ՝ ասեմ, որ մեր առաջարկի էությունը հետևյալն է՝ վերակառուցել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին, վերաբացել կամ կառուցել ավտոմոբիլային ճանապարհ, որը նաև կկապի Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ, սահմանային անցման կետերում իրականացնելով սահմանային, մաքսային և այլ հսկողություններ»,-անդրադառնալով նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաղորդակցության ուղիների բացման հարցին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա տեղեկացրեց, որ Ադրբեջանը այդ դիրքորոշումը և ընդունում է և չի ընդունում՝ ասելով որ համաձայն են ճանապարհի գործարկման ցանկացած իրավական ռեժիմի, բայց նույն ռեժիմը պետք է գործի նաև Լաչինի միջանցքում:
«Այս խոսույթը անհիմն է երկու պատճառով, նախ՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ՀՀ-ն որևէ տարածքի և դրա հետ առնչություն ունեցող միջանցքի մասին հիշատակում չկա, բայց «Լաչինի միջանցք» արտահայտություն կա: Լաչինի միջանցքը ոչ թե կամ ոչ միայն ճանապարհ է, այլև տարածք, որը ունի 5 կիլոմետր լայնություն: Այդ ողջ տարածքը ըստ եռակողմ հայտարարության գտնվում է ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո: Եռակողմ հայտարարության 9-րդ կետում Հայաստանի տարածքի նկատմամբ որևէ այլ երկրի վերահսկողության դրույթ պարզապես գոյություն չունի»,-հայտարարեց Փաշինյանը և տարօրինակ համարեց Արցախի հանրապետության և Նախիջևանի զուգահեռները, քանի որ Նախիջևանը Ադրբեջանի հետ ունի ցամաքային կապ՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքիայի տարածքով: Օդային կապ՝ Իրանի Իսլամական Հանրապետության, Թուրքիայի և Հայաստանի Հանրապետության օդային տարածքով:
Փաշինյանի խոսքով՝ Արցախը Հայաստանի հետ ունի միայն ցամաքային կապ, միայն Լաչինի միջանցքով և Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից որևէ կերպ վերահսկվող տարածք դարձնելը նշանակում է միայն մեկ բան՝ Լեռնային Ղարաբաղի հայաթափում:
«Մենք կրկին անգամ արձանագրում ենք. Լաչինի միջանցքի համեմատությունը ՀՀ տարածքով բացվելիք ճանապարհի հետ անընդունելի է, նոյեմբերի 9-ի հայտարարությունը ՀՀ տարածքով որևէ միջանցքի գոյություն չի նախատեսում և Հայաստանը չի ընդունել և չի ընդունելու միջանցքային որևէ տրամաբանություն»,-ասաց նա:
Գործադիրի ղեկավարի խոսքով՝ ՀՀ-ն պատրաստ է իր առաջարկների շրջանակներում բացել և կառուցել ճանապարհը և երկաթուղին, բայց անհրաժեշտ է դե յուրե նշանակություն ունեցող համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ:
«Ինչու՞, որովհետև մենք շատ կոնկրետ ռիսկ ենք տեսնում, երբ Հայաստանը կկառուցի և՛ ճանապարհը և՛ երկաթուղին, իսկ Ադրբեջանը կհրաժարվի բացել սահմանը: Եւ կստացվի, որ մի քանի հարյուր միլիոն դոլար ներդրում պահանջած ենթակառուցվածքներից չի կարողանա օգտվել ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը, ոչ երրորդ երկրները, և Հայաստանը կկորցնի մի քանի հարյուր միլիոն դոլար»,-հայտնեց Փաշինյանը և հավելեց. «Առաջարկում ենք երկաթուղու վերագործարկման մասին 2021թ. դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածությունները արձանագրել դե յուրե, համաձայնեցնել երկաթուղու պարամետրերը և սկսել շինարարությունը: Կամ դա անել փաթեթով՝ ներառելով ավտոմոբիլային ճանապարհը, այն պահից՝ երբ Ադրբեջանը դրական արձագանք կտա մեր առաջարկներին: Մեր գրավոր առաջարկներն, ի դեպ, մենք փոխանցել ենք նաև մեր մի շարք միջազգային գործընկերների, որոնց համար մեր առաջարկները տրամաբանական են, ընդունելի, հասցեագրում են տարածաշրջանի բոլոր երկրների շահերը»:
Հարակից հրապարակումներ`
- Լեռնային Ղարաբաղից ՊԲ-ի դուրսբերումը նշանակում է Արցախի հայերի դուրսբերում. Փաշինյան
- Հայաստանի և Ադրբեջանի միջև էսկալացիա հրահրելու համար ամենաշատ շահարկվող թեման խաղաղության պայմանագիրն է. Նիկոլ Փաշինյան
- Ակնհայտ է, որ Ադրբեջանը դրանով փորձում է ԼՂ-ի և ՀՀ-ի դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձևավորել. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին