ԱՄՆ-ն փորձում է վստահեցնել, որ Իրանի հետ շփումները միջուկային վտանգը մեղմելու նպատակ ունեն
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ներկայացրել է Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա այցելելու նպատակները, երբ այս պահին ԱՄՆ-ը կենտրոնացած է Ուկրինայում Ռուսաստանի կողմից իրականացվող գործողությունների վրա:
«Սա աշխարհի այն հատվածներից մեկն է, որտեղ ԱՄՆ-ն ունի կենսական շահեր և մեծ թվով բարեկամներ: Միացյալ Նահանգները կշարունակի ներդրումներ կատարել տարածաշրջանում՝ ամրապնդելով հարաբերությունները, որոնք առանցքային նշանակություն ունեն Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում կայունության համար», ասել է նա:
Բլինքենը երեքշաբթի օրն այցելել է Մարոկկո, որտեղ հանդիպել է նաև Աբու Դաբիի թագաժառանգ արքայազնի հետ։ Փորձագետներից Բրայան Քաթուլիսն «Ամերիկայի Ձայն»-ին ասել է, որ Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանը հատկապես խոցելի է լինելու ռուսական ներխուժման տնտեսական հետևանքների պատճառով:
«Եթե հիշում եք, մեկ տասնամյակից մի փոքր վաղ էր, որ ժողովրդական ընդվզումներ սկսվեցին այստեղ, որոնք հանգեցրին հեղափոխությունների և անկարգությունների: Եվ դրանք մասամբ կապված էին նաև այդ ժամանակ ապրանքների գների բարձրացման հետ: Այսպիսով, ես կարծում եմ, որ Բլինքնենի այցը դիվանագիտական եղանակով նման զարգացումները կանխարգելելու մի ջանք է», ասում է նա:
Շրջագայության առաջին կանգառում՝ Իսրայելում, Բլինքենը փորձեց հանգստացնել տարածաշրջանի դաշնակիցներին, որ ԱՄՆ-ը հանձնառու է թույլ չտալու համար, որ Իրանը միջուկային զենք ձեռք բերի:
«Միացյալ Նահանգները կարծում է, որ Իրանի միջուկային միջազգային պայմանագրին վերադարձը լավագույն միջոցն է Իրանի միջուկային ծրագիրը կանխելու համար», ասել է Բլինքենը:
Հիշեցնենք, որ այդ պայմանագրից ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս էր բերել նախկին նախագահ Թրամփը 2018 թվականին:
Փորձագետներն ասում են, որ Իրանի գլխավոր նպատակներից մեկն այն է, որ իր հեղափոխության պահապանների կորպուսը հանվի ԱՄՆ-ի օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից: Իսրայելը և հանրապետական օրենսդիրների մեծ մասը դեմ են նման քայլին:
Վերլուծաբաններից Բեհնամ Բեն Թալեբլուի խոսքերով, «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բայդենի վարչակազմը սա համարում է զուտ միջուկային գործարք, և չի տարածվում Իրանի ահաբեկչական ապարատի, բալիստիկ ու թեւավոր հրթիռների, անօդաչու թռչող սարքերի հնարավորությունների և այլ սպառնալիքների վրա, առաջ չի գալիս ոչ միջուկային պատժամիջոցները մեղմելու իմաստ’’:
Իրանն ասում է, որ միջուկային գործարքը վերականգնելու համաձայնությունը մոտալուտ է: ԱՄՆ-ի պաշտոնյաներն ավելի զգուշավոր են, հայտարարելով, թե դեռեւս կան փշոտ հարցեր: