ԳԱԱ Կենսաքիմիայի ինստիտուտի տնօրեն ընտրվեց Ալվարդ Անտոնյանը
Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Ալվարդ Անտոնյանը, ով մինչ այդ ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր:
ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, նրա թեկնածությունն առաջադրվել է ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի գիտական անձնակազմի կողմից և երաշխավորվել ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ընդհանուր ժողովի կողմից:
Ալվարդ Անտոնյանը ծնվել է 1964թ-ին: 1982-1987թթ-ին սովորել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի ամբիոնում, 1990թ-ից եղել է հայցորդ ՀՀ ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում, 1996թ-ին ստացել է կենսաբանական գիտությունների թեկածուի գիտական աստիճան: 1987-1990թթ-ին աշխատել է ՀՀ ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում որպես ավագ լաբորանտ, 1990-1997թթ-ին՝ կրտսեր գիտաշխատող, 1997-2008թթ-ին՝ ավագ գիտաշխատող, 2021թ-ից ինստիտուտի առաջատար գիտաշխատող է, 2018թ-ից ինստիտուտի «Ադենիլային միացությունների նյութափոխանակության» լաբորատորիայի վարիչն է։ 2021-2022թթ-ին զբաղեցրել է ինստիտուտի տնօրենի տեղակալի պաշտոնը: 2007թ-ից դասավանդում է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի դեղագործական քիմիայի ամբիոնում, 2017թ-ից ամբիոնի դոցենտ է, 43 գիտական հոդվածի և 40 գիտական զեկույցի հեղինակ: Անդամակցում է Նեյրոքիմիկոսների եվրոպական միությանը և Կենսաքիմիկոսների հայկական ասոցիացիային:
Ալվարդ Անտոնյանը ներկայացրել է ՀՀ ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի գիտական ուղղությունները՝ նյարդադեգեներատիվ, աուտոիմուն հիվանդությունների մեխանիզմների հետազոտություններ: Նա նշել է, որ առանձնակի ուշադրություն է դարձվում երիտասարդ կադրերի պատրաստմանը, հայաստանյան և արտասահմանյան գիտական կենտրոնների հետ համատեղ հետազոտությունների իրականացմանը:
Նրա ներկայացրած զարգացման ծրագրով նախատեսվում է ՀՀ ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի բազայի հիման վրա ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում ստեղծել կենսաքիմիայի ամբիոն, ստեղծել բջջային կուլտուրաների հետ աշխատելու սենյակներ՝ համալրված նոր սարքավորումներով, բացել ակրեդիտացիայի լաբորատորիա վճարովի փորձաքննություն իրականացնելու համար, հարմարեցնել առկա կենդանանոցի պայմանները in vivo աշխատանքների համար ընդունված ստանդարտներին, ակտիվացնել գիտաժողովների և գիտական դպրոցների անցկացումը, ուսանողների համար ստեղծել բազա կենսաքիմիական և վերլուծության մեթոդների ուսուցման համար, դրամաշնորհների ֆինանսավորմամբ գործուղել երիտասարդ աշխատակիցներին արտասահմանյան գիտական հաստատություններ:
ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը նշել է, որ անհրաժեշտ է հաղթահարել առկա խնդիրներն ու մարտահրավերները և զարգացնել, առաջ տանել ինստիտուտը:
Հարակից հրապարակումներ`
- ԳԱԱ. Ամենաթարմ տվյալներով՝ Հայաստանում հայտնաբերվել է նաև «Օմիկրոնի» «BA.2» ենթատարբերակը
- ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտում մեխանիկական հիմնական բնութագրիչների համար ստացվել են նոր վերլուծական բանաձևեր
- ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Արսեն Գասպարյանը
- ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ի տնօրենի պաշտոնում ընտրվեց Ավետիս Ծատուրյանը
- ԳԱԱ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտում պայթյունային ռեակցիաների կառավարման նոր մոտեցում են առաջարկել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան