«Ժողովուրդ». ԱԻՆ նախարարի ձերբակալումը իրավապահ համակարգում ներքին կոնֆլիկտի պատճառ է դարձել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է, ինչ արշալույսները խաղաղ չեն Արտակարգ իրավիճակների նախարարությունում: Բանն այն, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում ԱԱԾ-ն մտել էր ԱԻՆ և մոտ 150-ից ավելի անձանց տարել էին կոմիտե՝ հարցաքննության: Նախաքննական մարմինը մինչ օրս չի հստակեցնում, թե ինչ քրեական գործի շրջանակներում են ԱԻՆ աշխատակիցներին կամ նախարարին կանչել հարցաքննության, սակայն քրեական գործի ընթացքից մեզ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:
Մասնավորապես, ԱԻՆ-ի պաշտոնյաները տարբեր անձանց պաշտոնների նշանակման գործընթացում կոռուպցիոն գործարքների են գնացել, ու շղթան հասել է մինչև ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյան: Ավելին՝ քրեական գործով կան դրվագներ, որ, օրինակ, որևէ մեկին պաշտոնի են նշանակել, ու այդ անձը նրանց որպես մաղարիչ տվել է ոսկյա շղթա և այլ նվերներ, և այս հանգամանքը նախաքննական մարմինը որակել է որպես կաշառք: Այսքանով ամեն ինչ չի ավարտվում։ Նախաքննական մարմինը խուզարկություն է իրականացրել նախարար Անդրանիկ Փիլոյանի տանը, որտեղ հայտնաբերվել է ջեռուցման կաթսա, որը, ըստ նախնական վարկածի, ԱԻՆ հաշվեկշռում է եղել, սակայն զարմանալի կերպով հայտնվել է նախարարի տանը: Ի դեպ, գործով անցնող անձինք ևս ցուցմունքներ են տվել, որտեղ հիշատակել են նախարարի անունը: Ուշագրավն այն է, որ վարչապետը երեկ նախարար Փիլոյանին 14 օրով ուղարկել է արձակուրդի, և դատելով իրավիճակից՝ չի բացառվում, որ նախարարը չվերադառնա արձակուրդից, նրան մեղադրանք առաջադրեն:
Հ.Գ. Երեկ երեկոյան՝ ժամը 22։15֊ին, ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվեց։ Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ նախարարի ձերբակալումը իրավապահ համակարգում ներքին կոնֆլիկտի պատճառ է դարձել, որին կանդրադառնանք ավելի ուշ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան