Նարգիլեների հարցը՝ ՔՊ պատգամավորների նախաձեռնած փակ քննարկմանը
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության տնտեսական բլոկի պատգամավորների նախաձեռնությամբ այսօր ԱԺ-ում տեղի ունեցավ փակ աշխատանքային քննարկում՝ հանրային սննդի վայրերում ծխախոտային արտադրատեսակների օգտագործման սահմանափակումների վերաբերյալ:
Քննարկումը վարեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը:
ՔՊ պատգամավորներից բացի քննարկմանը մասնակցում էին Ոստիկանության, Առողջապահության նախարարության, ԱԻՆ- ի ներկայացուցիչները և տնտեսվարողները:
Ներկաները քննարկեցին մարտի 15-ից ուժի մեջ մտած հանրային սննդի վայրերում, այդ թվում՝ բացօթյա սրճարաններում, ռեստորաններում ծխելու արգելքի ներդրումից հետո տնտեսվարողների մոտ առաջացած խնդիրները՝ եկամուտների կրճատումը:
Նիստի բաց մասում առաջին հերթին քննարկման առարկա դարձավ նարգիլեներ ծխելու համար մասնագիտացած սրճարանների և ռեստորանների խնդիրը:
Ներկաներին տեղեկացվեց, որ այդ ոլորտում նույնիսկ արտերկրից մեծ ներդրում է կատարվել, տեղեկացված չլինելով ընդունվելիք օրենքից և այսօր այդ ակումբներն էական վնասներ են կրում:
Նարգիլե-ակումբի ղեկավարն ահազանգեց, որ փակվելու առաջ են, հիմա միայն ուտելիք են մատուցում, բայց իրենց շահույթի 70%-ը նագիլեն էր:
ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանն ասաց՝ երկու տարի է գիտեին, որ օրենք է ընդունվելու և պետք է իրենց բիզնեսը վերապրոֆիլավորեին:
Նարգիլե-ակումբի ներկայացուցիչները խնդրում էին, որ իրենց համար օրենքով բացառություն արվի, սակայն գործադիրի պաշտոնյաները պնդում էին, թե այն խտրական վերաբերմունք կլինի մյուս տնտեսվարողների հանդեպ:
Հիշեցնենք, որ օրենքը խախտելու, հանրային սննդի վայրում ծխելու դեպքում քաղաքացին կտուգանվի 50 հազար դրամով, իսկ տնտեսվարողը՝ 150-200 հազար դրամով։