Արայիկ Հարությունյան. Մեր նպատակն է, որ ադրբեջանցիները հետ գնան ելման դիրքեր
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի հերթական նիստն է անցկացվել՝ ընդլայնված կազմով:
ԱՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ բացման խոսքում նա նախ, նշել է, որ վերջին օրերին Անվտանգության խորհրդի նիստերի հաճախակի անցկացումը պայմանավորված է Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակով և հատկապես Արցախի արևելյան հատվածում տեղի ունեցող զարգացումներով:
Անդրադառնալով կատարվածին և անելիքներին՝ Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Պաշտպանության բանակին, ուժային մյուս կառույցներին և կամավորականներին, որոնք կարճ ժամանակահատվածում հասցրել են իրականացնել իրենց առջև դրված խնդիրը՝ կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը:
«Մենք հասկանում ենք, որ նրանց նպատակը ամբողջ Քարագլուխը գրավելն է եղել: Պետք է արձանագրենք, որ Քարագլխի հիմնական բարձունքը, ամենաբարձր կետը գտնվում է մեր վերահսկողության տակ, սակայն որոշ կարևոր բարձունքներ այսօր գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ: Մեր նպատակն է, որ ադրբեջանցիները հետ գնան ելման դիրքեր: Մեր պահանջն ու խնդրանքը խաղաղապահ ուժերին այն է եղել, որ ստատուս-քվոն, որը բխում է եռակողմ հայտարարությունից, պետք է վերականգնվի: Այս պահանջը մենք երբևէ չենք փոխելու»,- ասել է Ա. Հարությունյանը:
Արայիկ Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանի կողմից հրահրված այդ սադրանքի նպատակը եղել է առաջին հերթին ռուսական խաղաղապահ ուժերի դերակատարությունը վարկաբեկելը:
«Մենք համարում ենք, որ ռուսական խաղաղապահ ուժերը շարունակում են իրականացնել իրենց առաքելությունը, չհաշված այդ դրվագը»,- ընդգծել է Ա. Հարությունյանը:
Այնուամենայնիվ, ԱՀ Նախագահը շեշտել է, որ պետք է զգոնությունը պահել բարձր մակարդակի վրա մինչև պարզ լինի, որ Ադրբեջանը նման սադրանքների էլ չի գնալու:
«Դրա համար հետագայում մենք մեր ինքնապաշտպանության առումով շատ ավելի արմատական և վճռական քայլեր ենք իրականացնելու»,- ասել է նախագահ Հարությունյանը:
Նիստում պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը հանդես է եկել զեկուցմամբ՝ շփման գծում առկա օպերատիվ-մարտավարական իրավիճակի վերաբերյալ:
Օրակարգային հարցերի քննարկման ընթացքում նախագահ Հարությունյանը շահագրգիռ կառույցների պատասխանատուներին մի շարք հանձնարարականներ է տվել:
Հարակից հրապարակումներ`
- Հայրենի օջախներ վերադառնալուն սպասող խրամորթցիները
- Արցախի ԿԳՄՍՆ-ն ահազանգում է. Քարագլխի տարածքում գտնվող մեր մշակութային ժառանգությունը վտանգված է
- Փառուխի ու Քարագլխի օկուպացիայի պայմաններում, Մեծ Բրիտանիան չի էլ թաքցնում իր ռազմավարական աջակցությունը Ադրբեջանին. Բեգլարյան
- 2 շաբաթ, և՝ Քարագլուխ ռազմավարական բարձունքում հիմա թուրքերն են․ Արմեն Խաչիկյան
- Արտյուշա Միքայելյան. Քարագլխի մի փոքր հատվածը՝ մոտ 30%-ն է գտնվում մեր վերահսկողության տակ
- Աբրահամյան. Փառուխ գյուղից դեպի Քարագլուխ Ադրբեջանը մի քանի հատվածներում դիրքավորվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան