«Ուրախ խաղեր» էստաֆետային մրցույթ՝ Հաշմանդամների միջազգային օրվան ընդառաջ
Դեկտեմբերի 2-ին՝ Հաշմանդամների միջազգային օրվան ընդառաջ անցկացվել են «Ուրախ խաղեր» էստաֆետային մրցումները, որոնց մասնակցել են Երևանի հատուկ և հիմնական դպրոցների աշակերտները։
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Եղիշ Դավթյանը ողջունել է ներկաներին և նրանց է փոխանցել նախարար Գաբրիել Ղազարյանի ուղերձը, որում, մասնավորապես, ասվում է. «Շնորհավորելով Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ՝ ցանկանում եմ հատկապես հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց մաղթել՝ լինելու ակտիվ, նախաձեռնող և իրենց կարողությունների չափով մասնակցելու մեր հայրենիքի կառուցման և հզորացման գործին: Դեկտեմբերի 3-ը 1992-ին ՄԱԿ-ի կողմից հռչակվել է Հաշմանդամների միջազգային օր: Մեր երկիրը 2006 թվականի դեկտեմբերին միացավ հաշմանդամների իրավունքների կոնվենցիային, և 2008 թվականին ստեղծվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով: Այսօր Հայաստանում ապրում է տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող 177 հազար մարդ: Մեր հասարակության մեջ հաճախ խոսվում է հասարակության այլ անդամներից հաշմանդամների մեկուսացվածության և շփումների սահմանափակության մասին: Ես կոչ եմ անում և հորդորում եմ բոլորիս քիչ խոսել և ավելի շատ աշխատել՝ այս կարծրատիպը կոտրելու համար»:
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան աջակցությամբ «Հայկական Հատուկ Օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության կազմակերպած միջոցառման նպատակն էր հատուկ կարիքների տեր երեխաներին օգնել՝ ինտեգրվելու իրենց հասակակիցների շարքերում: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Միջոցառումը հնարավորություն է ընձեռել մտավոր սահմանափակումներով և առանց սահմանափակումների երեխաներին շփվելու, հաղորդակցվելու և ընկերանալու խաղահրապարակում և դրանից դուրս, ինչպես նաև նպաստել է մտավոր սահմանափակումներով անձանց ֆիզիկական, մտավոր և սոցիալական զարգացմանն ու ինտեգրմանը, նրանց կարողությունների ու ներուժի վերաբերյալ հասարակության լայն խավերի շրջանում տեղեկատվության տարածմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան