Արցախի հիմնախնդրի կարգավորման հիմքում պետք է ընկած լինի ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումը․ Աննա Գրիգորյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը գրում է․
««Բաց աշխարհ» ծրագրի շրջանակներում Վաշինգթոնում հանդիպումներ ենք ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ, Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնի և Ջեքի Սփիրի, կոնգրեսականներ Քեթրին Քլարքի և ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի համանախագահ Դեյվիդ Փրայսի հետ:
Ներկայացրել ենք Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը, Ադրբեջանի շարունակական ագրեսիվ և ռազմատենչ քաղաքականությունը, այդ թվում` Փարուխ գյուղի գրավումը և Խրամոթի բնակիչների ահաբեկումը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում հայկական պատմամշակութային արժեքների ոչնչացման հստակ փաստեր:
Շեշտել ենք, որ Արցախի հիմնախնդրի կարգավորման հիմքում պետք է ընկած լինի ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումը և, որ Արցախը որևէ կարգավիճակում չի կարող լինել Ադրբեջանի կազմում, հակառակ դեպքում մենք ականատեսն ենք լինելու Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության իրականացմանը և Արցախի վերջնական հայաթափմանը: Եվ որ 21-րդ դարում ցեղասպանության վտանգն առկախված է արդեն արցախահայության գլխին:
Խոսել եմ նաև Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման, օկուպացման և մասնավորապես Սյունիքի նկատմամբ Ադրբեջանի տարածքային նկրտումների վերաբերյալ:
Շնորհակալություն ենք հայտնել` կոնգրեսականներին հայ ժողովրդի կողքին լինելու, պարբերաբար Արցախ այցելելու և Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը դատապարտելու համար»: