Կրկնեմ՝ սա ՏԻՄ-երը զավթելու նախագիծ է. Գեղամ Մանուկյան
«Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորները Հայաստանում են և, եթե լսեն այսօր այստեղ քննարկվող օրակարգը, իսկապե՞ս կհամարեն, որ ՀՀ-ն անհանգստացած է»,- ԱԺ արտահերթ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ նկատելով, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ փորձեցին հիմնավորել, թե կառավարության նիստում ՀՀ-ի և Արցախի վրա Ադրբեջանից հարձակման հնարավորության մասին Նիկոլ Փաշինյանի ելույթն արտաքին աշխարհին ուղղված կանչ է, որպեսզի անհանգստություն արտահայտվի։
Նրա խոսքով՝ հյուրերը կմտածեն, որ քննարկվող «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի նախագծով իշխանությունը հեզասահ փորձում է իրականացնել ներսից Հայաստանի գրավումը:
Պատգամավորի խոսքով՝ ԱԺ դահլիճում նստած կառավարության երկարամյա փորձ ունեցող պաշտոնյաները տեսել են կաշառքով, թաղային հեղինակություններով ՏԻՄ ընտրություններ, բայց չեն տեսել, որ արագացված կարգով օրենք փոխեն ու որոշեն, թե ում են նշանակելու քաղաքապետ:
«Վերջին ՏԻՄ ընտրությունները բացառիկ էին, որովհետև որտեղ իշխանությունը չի հաջողել, այնտեղ գործի են դրել դատարանը, իրավապահները։ Վարդենիսում էլ ձերբակալեցին, որ այլ թեկնածու ընտրվի։ Նույնը՝ Գորիսում, Քաջարանում։ Կրկնեմ, որ սա ՏԻՄ-երը զավթելու նախագիծ է»,- ասաց Մանուկյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավորի ելույթից հետո ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Պարոն Մանուկյան, ամեն ինչ, այնուամենայնիվ, չափ ու ձև պետք է ունենա։ Բրիտանացի դիվանագետների հետ ես հեսա հանդիպելու եմ, բա դուք ինչի՞ չեք գալիս հանդիպելու»։
Գեղամ Մանուկյանը տեղից արձագանքեց. «Մերոնք հանդիպել են»։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացիներին կոչ եմ անում ապրիլի 5-ին ժամը 18:30-ին Ազատության հրապարակում միասին քննարկենք, թե ինչպես պահենք Արցախը. Իշխան Սաղաթելյան
- Որքանո՞վ եք ադեկվատ համարում ձեր պահվածքը. Ագնեսա Խամոյանը՝ ՔՊ պատգամավորներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին