ԵՄ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկվել է ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը
Մարտի 31-ին և ապրիլի 1-ին Բրյուսելում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հանդիպումները Եվրոպական միության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարի պարտականությունները կատարող Մացեյ Պոպովսկիի, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Իզաբել Սանտոշի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դեվինի, ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցչի/Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահի գրասենյակի ղեկավար Պեդրո Սեռանոյի, Եվրոպական խորհրդի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդականներ Սայմըն Մորդյուի և Մագդալենա Գրոնոյի հետ։
ԱԳՆ-ի փոխանցմամբ, հանդիպումների ընթացքում կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Եվրոպական միության արդյունավետ գործընկերությունը, անդրադարձել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կատարողականին, քննարկել են ընդհանուր ԵՄ Արևելյան գործընկերության ձևաչափի հեռանկարները և ԱլԳ՝ Տնտեսական և ներդրումային ծրագրի և դրանից բխող ուղենշային նախաձեռնությունների իրականացման հետագա ընթացքը, կարևորել են խորհրդարանական համագործակցությունը, ինչպես նաև մատնանշել ընթացիկ տարվա նշանակալի ձեռքբերումները ՀՀ-ԵՄ իրավապայմանագրային համագործակցության համատեքստում։
«Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերին, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակին։ Այս համատեքստում ևս մեկ անգամ ընդգծվել է հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ինտենսիվացման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում։ ԱԳ նախարարի տեղակալը շնորհակալական խոսքեր է փոխանցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին իր շարունակական ջանքերի համար՝ միտված մարդասիրական կարևորագույն հիմնախնդիրների կարգավորմանը և հաշտության ու խաղաղության հաստատման համար նպաստավոր միջավայրի ձևավորմանը:
Այցի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է նաև Եվրոպական քաղաքականության կենտրոնում կազմակերպված կլոր սեղան քննարկմանը, որի շրջանակներում մտքեր են փոխանակվել Հայաստան-ԵՄ հարաբերությունների և գործընկերության հեռանկարների, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ներկա իրավիճակի, ինչպես նաև Հայաստանի և ԵԱՏՄ տարածաշրջանի նկատմամբ Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումների ազդեցության մասին»,- նշված է հաղորդագրությունում։