Քննարկվել է Կադաստրի արխիվները Հայաստանի ազգային արխիվ հանձնելու հարցը
Այսօր` ապրիլի 1-ին, տեղի է ունեցել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Արշակյանի և ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանի աշխատանքային հանդիպում- քննարկումը, ինչի մասին հայտնում են «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ից։
«Դիտարկվել են, մասնավորապես, արխիվային փաստաթղթերի թվայնացման և այդ գործընթացում անվտանգության չափորոշիչների պահպանման, էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի տրամադրման դեպքում անձի նույնականացման, անձնական տվյալների պաշտպանության խնդիրներ:
Քննարկվել է Կադաստրի արխիվները Հայաստանի ազգային արխիվ հանձնելու հարցը:
Արձանագրվել է նոր գործիքակազմերի ներդրման անհրաժեշտությունը, որոնք հնարավորություն կընձեռեն արխիվային հավաքածուն տարանջատելու հանրամատչելի օգտագործման, անձնական և գույքային գաղտնիք պարունակող բաժիններից:
Երկու գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են Կադաստրի կոմիտեի կողմից պահանջվող արխիվային տեղեկանքների տրամադրման կարգին և քաղաքացիներին մատուցվող ծառայությունները կանոնակարգելու նպատակով օրենսդրական փոփոխությունների նախաձեռնության անհրաժեշտությանը:
Հանդիպման ավարտին Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանն աշխատանքներն առավել առարկայական դարձնելու և փորձի փոխանակման նպատակով Գրիգոր Արշակյանին առաջարկել է ակտիվացնել փոխայցերը»,- նշված է հաղորդագրությունում: