«Հավաստի տվյալներով, դպրոցի տնօրենի ԺՊ նշանակված Դ.Մինասյանի ամուսինը Ավինյանի դասընկերն է». Բողոքի ակցիա՝ Չեխովի անվան դպրոցում
Երևանի Չեխովի անվան N 55 դպրոցի ուսուցիչները, աշակերտները վրդոված են և բողոքի ակցիա են անում, քանի որ տնօրենի պարտականություններն այսօրվանից կատարում է Դիանա Մինասյանի, ով տնօրենի ընտրության առաջին փուլին մասնակցել է և չի հաղթել, իսկ երկրորդ փուլը կայանալու է ապրիլի 14-ին։
Աշակերտական խորհրդի անդամներից մեկն ասաց, որ իրենք ընտրել են տիկին Տաթևիկ Մելքոնյանին, քանի որ այս դպրոցում է աշխատում 2004 թվականից, իրենց հարազատ ուսուցչուհիներից է։
«Մենք ոչ թե համաձայն չենք քաղաքապետարանի կողմից արված նշանակման հետ, այլ եթե մենք ունենք հարազատ մարդ, ում սիրում ենք, բոլորն ընդունում են, ինչո՞ւ ուրիշը լինի։ Մինչև վերջ կանգնելու ենք տիկին Մելքոնյանի կողքին»,- նշեց աշակերտուհին։
Աշակերտական խորհրդի նախագահի խոսքով, նորանշանակ ԺՊ-ն ընդհանրապես դպրոցում չի աշխատել, նա եղել է դասախոս, ու պատկերացում չունի իրենց դպրոցի մասին։
Չեխովի դպրոցում 19 տարի ասշխատած մանկավարժներից Նարինե Աբրահամյանն ասաց, որ այսօր իրենց ամբողջ կոլեկտիվը վրդովված է, որովհետև ուզում են հասկանալ՝ ո՞ր տրամաբանությամբ և ի՞նչ պատճառներով, հիմքերով է իրենց տնօրենի ԺՊ-ին փոխել։
«Բերել են այնպիսի մի մարդու, որն ընդհանրապես դպրոցի հետ կապ չունի, հանրակրթությունից տեղյակ չէ։ Եթե չեմ սխավում, որպես ուսուցիչ չի աշխատել, ուզում են աշակերտների համար այսպիսի կարևոր պահին, երբ երկու ամիս է մնացել, որպեսզի տարին փակենք, խաթարում են մեր անդորրը և, չեմ հասկանում ինչի, փոխում են մեր տնօրենին։
Նշանակել են մի մարդու, ով ամբողջ կոլեկտիվի կողմից ոչ մի ձայն չի հավաքել։ Ինչո՞ւ ենք մենք արդեն երրորդ անգամ մասնակցում տնօրենի ընտրություններին, ձայն տալիս, եթե միևնույն է՝ մեր ձայնը հաշվի չի առնվելու և մեզ տնօրեն են բերելու մեկին, որը զրո ձայն է հավաքել և ուսուցչական խորհրդի, և ծնողական համայնքի կողմից։ Կարծում եմ՝ մենք արժանի ենք դրա բացատրությունը ստանանք։ Իմ տվյալներով, անգամ մանկավարժ էլ չի, եթե խորանանք, փորփրենք փաստաթղթերը, վախենամ, ընդհանրապես, իրավունք էլ չի ունենա դպրոց ոտք դնելու»,-ասաց Ն.Աբրահմյանը։
Հարցին՝ ինչո՞ւ են քաղաքապետարանի ուզում հենց Դ.Մինասյանին անցկացնել, նա պատասխանեց. «Մեր քաղաք փոքր է, բամբասանքները շուտ են տեղ հասնում, բայց, որոշակի հավաստի տվյալներով, Դիանա Մինասյանի ամուսինը Տիգրան Ավինյանի դասընկերն է և արդեն տրամաբանական կապը պարզ երևում է, թե ինչի համար է գալիս մեզ մոտ ժամանակավոր պաշտոնակատար։ Գիտենք, որ երկու քայլ հետո ընտրություններ են, ինչ պաշտոնի է հավակնում Ավինյանը, ինչու համար են նրանց այս փոփոխությունը պետք։
Ստացում է՝ 2018 թվականի հեղափոխությունն անիմաստ էր և ամեն ինչ շատ ավելի վատ է, քան նախկինում էր»։
Տաթևիկ Մելքոնյանն ասաց, որ 2021 թ. դեկտեմբերի 15-ին նշանակվել է Չեխովի անվան N 55 դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, մինչև այդ դպրոցի տնօրենը եղել է Գայանե Սարուխանյանը, ում պայմանագրի ժամկետը լրացել էր, քաղաքապետի որոշմամբ ինքն է նշանակվել պաշտոնաատար մինչև մրցույթ անցկացվի և հաղթող թեկնածու լինի։
Նա մանրամասնեց, որ դպրոցի տնօրեն ընտրում է խորհուրդը, որը կազմված է 9 անդամից՝ 2 մանկավարժ, 2 ծնող, 4 լիազոր մարմնի ներկայացուցիչ, այսինքն քաղաքապետարանից, 1 հոգի նախարարությունից։
«Բացի քաղաքապետարանից, բոլորն ինձ էին ձայն տվել, բայց հաղթող չճանաչվեց, քանի որ ընտրվելու համար 6 ձայն էր պետք, ես ստացել էի 5, Դիանա Մինասյանը՝ 4։ Նոր ընտրությունը կայանալու է ապրիլի 14-ին։
Այսօր զանգ եմ ստանում քաղաքապետարանից և ասում են, որ որևէ փաստաթուղթ չստորագրեմ, քանի որ պաշտոնակատարի փոփոխություն կա։ Չգիտեմ՝ անգամ ով է փոխվել, ինչպես է փոխվել։ Ներկայացրեցի մեր թիմին, որ նոր պաշտոնակատար ունենք։ Ու սկսվեց ընդվզումը։ Ես վախենում ու սարսափում էի այս երևույթից։
Հիմա ծնողները գալիս են, երեխաներին տուն են տանում»,- ասաց Տ.Մելքոնյանը։
Ակցիա իրականացնողները Չեխովի դպրոցից քայլերթով հասել են Երևանի քաղաքապետարան։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Ավինյանը կլինի Երևանի քաղաքապետի ՔՊ թեկնածուն. Վահագն Ալեքսանյան
- Ն. Զարյանի ու Ա. Չեխովի անվան դպրոցներում տնօրեն ընտրել չի հաջողվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան