Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերել են մոտ 3 կգ մարիխուանա ու զինամթերք
Ոստիկանությունից հայտնում են, որ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարը շարունակում է մնալ ոստիկանության առաջնահերթ խնդիրներից։ Այդ ուղղությամբ Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ստացվել, որ Էջմիածին քաղաքի 57-ամյա բնակիչը տանն ապօրինի թմրամիջոց ու զենք-զինամթերք է պահում։
Ըստ տեղեկությունների՝ նաև թմրամիջոց էր իրացնում Րաֆֆու փողոցի 54-ամյա մի բնակիչ, որի տանը նույնպես թմրամիջոց ու զինամթերք կար։
«Մարտի 24-ին հարուցվեց քրեական գործ և նույն օրը, դատարանի որոշմամբ, խուզարկվեցին նրանց բնակության վայրերը։ Առաջինի տնից հայտնաբերվեց մոտ 3 կգ մարիխուանայի նմանվող զանգվածով 11 փաթեթ, իսկ կից ջերմատանը՝ կանեփի 41 բույս, ինքնաձիգի փամփուշտներ ու սվին-դանակ։ 54-ամյա տղամարդու բնակարանում էլ ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 51 փամփուշտ կար։
Նրանց մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով։ 57-ամյա տղամարդը կալանավորվել է։
Կատարվում է նախաքննություն»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում։