Չեխովցիները բողոքի ակցիան շարունակում են քաղաքապետարանի դիմաց. Քաղաքապետարանից հորդորում են չանլրջացնել
Երևանի Չեխովի անվան N 55 դպրոցի ուսուցիչները, աշակերտները, նրանց ծնողներն այս պահին բողոքի ակցիան շարունակում են քաղաքապետարանի դիմաց։
Ծնողները նշում են՝ դեմ են մասնագիտությամբ հաշվապահ Դիաննա Մինասյանը կատարի տնօրենի պարտականությունները, քանի որ նա հեռու է կրթության ոլորտից ու համակարգից։ Նրանք պահանջում են, որ դպրոցի տնօրենի պարտականությունները կատարի Տաթևիկ Մելքոնյանը։
«Քաղաքապետարանից ամեն կերպ փորձում են այնպես անել, որ դպրոցի տնօրեն չընտրվեն դպրոցի մանկավարժներից»,-ասում է բողոքի դուրս եկած ծնողներից մեկը։
Մեկ այլ ծնող, որ տարիներ առաջ ավարտել է Չեխովի անվան դպրոցը, մեծ ցավ է համարում ստեղծված վիճակը։
«Բոլոր համակարգերն ավիրեցին, հիմա հասել են դպրոցներին։ Ես բողոքի ակցիային միացել եմ թե որպես նախկին չեխովցի, թե որպես այդ դպրոցում սովորող երկու աշակերտների մայր։ Զրո ձայն հավաքած թեկնածուն իրավունք չունի ղեկավարել դպրոցը»,-ասաց ծնողը լրագրողների հետ զրույցում։
Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպման իջավ քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։
Նա հիշեցրեց, որ երեխաներն անչափահաս են, հիմա պետք է դասի լինեին։
«Իրենց համայնքի շահերն են պաշտպանում»,-հակադարձեցին ծնողները։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու մրցույթից օրեր առաջ հեռացնում են Տաթևիկ Մելքոնյանին, նշանակում քաղաքապետարանի նախընտրած մարդուն։
«Տիկին Մելքոնյանին, ծնողներին առաջարկում եմ գնանք, խոսենք։ Երեխաների հետ չենք խոսելու։ Ապահովեք, որ երեխաները վերադառնան դասընթացին։ Ամեն ինչ արվել է գործող ընթացակարգերով։ Թափանցիկ ենք գործել»,-ասաց Հովհաննիսյանը։
Նա Տաթևիկ Մելքոնյանին հորդորեց չանլրջացնել ամեն ինչ։ Առաջարկեց հանդիպում։ Այն ընթանում է առանց լրագրողների ներկայության։
Հարակից հրապարակումներ`
- «Հավաստի տվյալներով, դպրոցի տնօրենի ԺՊ նշանակված Դ.Մինասյանի ամուսինը Ավինյանի դասընկերն է». Բողոքի ակցիա՝ Չեխովի անվան դպրոցում
- Ն. Զարյանի ու Ա. Չեխովի անվան դպրոցներում տնօրեն ընտրել չի հաջողվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան