Վաղը Գալստյան կիրակին է
Մեծ Պահքի վեցերորդ կիրակին կոչվում է Գալստյան: Այս կիրակին Հիսուս Քրիստոսի Առաջին Գալստյան` մարդեղության հիշեցումն է: Հաստատվեց այն ճշմարտությունը, որ Փրկչի Գալստյամբ հնարավորություն ընձեռնվեց մարդկությանն առաջնորդվել փրկության ուղով:
Արարատյան հայրապետական թեմից հայտնում են, որ այս կիրակին միևնույն ժամանակ Երկրորդ Գալստյան խորհուրդն ունի: Ավետարաններում և առաքյալների թղթերում Երկրորդ Գալստյանը նվիրված բազում հատվածներ կան:
Տերը զգուշացնում է Երկրորդ Գալստյան և դրա նախանշանների մասին. «Զգույշ եղեք, գուցե մեկը ձեզ խաբի, որովհետև շատերը կգան իմ անունով ու կասեն, թե՝ ես եմ Քրիստոսը. և շատերին կմոլորեցնեն: Լսելու եք պատերազմների ձայներ և պատերազմների լուրեր… Ազգ ազգի դեմ պիտի ելնի, և թագավորությունը՝ թագավորության դեմ, և պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժներ: Սակայն այս ամենը սկիզբն է երկանց … Եվ բազում սուտ մարգարեներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն: Եվ անօրինության շատանալուց՝ շատերի սերը պիտի ցամաքի: Բայց ով մինչև վերջ համբերեց, նա պիտի փրկվի» (Մատթ. 24:4-13):
Գալստյան կիրակիի խորհուրդը համբերության, բարեպաշտության, առաքինության կոչն է, որովհետև հոգու բյուրեղացմամբ և ճշմարիտ հավատով մարդ կարող է սպասել Տիրոջ Հրաշափառ Գալստյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վաղը Դատավորի կիրակին է
- Վաղը Տնտեսի կիրակին է
- Վաղը Անառակի կիրակին է
- Վաղն արտաքսման կիրակին է
- Վաղը Կարմիր կիրակին է