«Հրապարակ». Փաշինյանը ցանկանում է հանդիպել ընդդիմության հետ, իսկ ընդդիմությունը մերժում է բոլոր ձևաչափերը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանի բոթաբեր ելույթից հետո, մեր տեղեկություններով, «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանն ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի միջոցով փորձել է հասկանալ իրավիճակը, պահանջել է, որ Նիկոլ Փաշինյանը ներկայանա ԱԺ և բացատրություններ տա ընդդիմադիրներին, ներկայացնի այն փաստաթղթերը, որոնք Ադրբեջանի կողմից ներկայացվել են Հայաստանին։
Նշենք, որ հայտնի 5 կետերից և մեր պատասխանից հետո, որոշ տեղեկություններով, Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով կրկին պատասխան է ուղարկել, և ընդդիմադիրները ցանկացել են իմանալ, թե ինչ է պարունակում այն։ Սակայն Ռուբեն Ռուբինյանն ընդդիմադիրներին փոխանցել է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է գալ խորհրդարան, փակ հանդիպում ունենալ «Հայաստան» խմբակցության հետ և մանրամասներ ներկայացնել։ Ընդդիմադիրները հրաժարվել են` ասելով, որ իրենց համար ընդունելի չէ այդ ֆորմատը, եթե անգամ փակ հանդիպում, ապա՝ ամբողջ խորհրդարանի հետ:
«Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ հանդիպելուց ու զիջումների գնալուց առաջ, հավանաբար, ցանկանում էր մեզ հետ «ա լյա Էդմոն» անել»,- ասաց դաշինքի մեր աղբյուրը՝ հիշեցնելով, որ 44-օրյա պատերազմից առաջ 7 շրջանները վերադարձնելու մասին խոսակցությունների օրերին Փաշինյանն այցելել էր Էդմոն Մարուքյանին, և ԱԺ նրա սենյակում սուրճ խմելուց հետո վերջինս հայտարարեց, թե ոչ մի վտանգ չկա: Իսկ ամիսներ անց եղավ պատերազմը, ու հիմա շատերը մեղադրում են Մարուքյանին` Փաշինյանի օրակարգը սպասարկելու համար։
Երեկ ԱԺ խորհրդի նիստում Ռուբինյանն ընդդիմադիրներին փոխանցել է, որ Փաշինյանը համաձայն է ԱԺ խորհրդի հետ փակ հանդիպում ունենալ, սակայն ընդդիմադիրներն այս ֆորմատն էլ են մերժել՝ ասելով, թե միայն խորհրդարանի ամբողջ կազմով փակ հանդիպմանն են համաձայն։ Հետաքրքիր է, թե Նիկոլ Փաշինյանն ինչու է ձգտում հանդիպել «Հայաստան» դաշինքի հետ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան