Սերժ Սարգսյան. Շատ պատասխանատվությունը ենթադրում է շատ լիազորություններ
Փոփոխություններն արվում են ոչ թե ընդդիմության լիազորությունները լայնացնելու, այլ հավասարակշռելու նպատակով: Հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին տված հարցազրույցում նման դիրքորոշում է արտահայտել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով իշխանության թևերի միջև լիազորությունների բաշխման մասին:
Արձագանքելով դիտարկմանը, թե «Ոչ»-ի ճակատի առարկությունների թվում է նաև այն, որ փոփոխությունների արդյունքում մի քիչ շատ լիազորություններ են Վարչապետի ձեռքին կուտակվում՝ Սերժ Սարգսյանն ասել է. «Ի՞նչ է նշանակում՝ մի քիչ շատ: Ընդհանրապես, շատ ու քիչը, իմ խորին համոզմամբ, հարաբերական են: Եթե պատասխանատվությունը շատ է, ինչու՞ լիազորությունները քիչ պետք է լինեն»:
Այս համատեքստում նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև մեկ այլ խնդրի. «Գիտե՞ք, բնական է, որ ես վերջին ժամանակներում գրեթե որևէ հեռուստաալիքով տրվող լուրերը բաց չեմ թողնում, և որքան էլ շատ դեպքերում անպտուղ լինի այդ ժամանակը, բայց միևնույնն է, նայում եմ և տեսնում, որ շատ-շատերը խոսում են այդ մասին, ասում են՝ ո՞վ կհավատա, որ այս փոփոխություններն անում եմ, որպեսզի ընդդիմության լիազորություններն ավելանան: Մենք ոչ թե փոփոխություններն անում ենք՝ նպատակ ունենալով լայնացնել ընդդիմության լիազորությունները, այլ պարտադրված ենք դա անել՝ հավասարակշռելու նպատակով, որովհետև մի կողմից գոյություն ունի ուժեղ գործադիր մարմին, մյուս կողմից անհրաժեշտ լիազորություններով օժտված ընդդիմություն, որպեսզի հակակշռի, որպեսզի հավասարակշռի: Սա՛ է. ուրիշ հակակշռելու մեխանիզմ չկա: Սա՛ է այդ մեխանիզմը: Եթե ուրիշները գիտեն այլ մեխանիզմներ՝ խնդրեմ, թող ասեն՝ օգտագործենք, բայց մեխանիզմը սա է: Ու երբ ասում են՝ այդ երբվանի՞ց սկսեցին ընդդիմության մասին հոգ տանել, անկեղծորեն եմ ասում, իմ խորին համոզմամբ, իշխանության խնդիրը չէ՝ հոգ տանել ընդդիմության մասին, բայց իշխանության խնդիրն է, որպեսզի ընդդիմությունը բնականոն գործի և լինի հակակշռող գործոն»:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Պատերազմական իրավիճակում կիսանախագահական համակարգը կենսունակ չէ
- Սերժ Սարգսյան. Գործող Սահմանադրությունը տնտեսական զարգացման խոչընդոտներ է պարունակում
- Սերժ Սարգսյան. Եթե ընդդիմության լիազորությունները չընդլայնվեն, կունենանք լճացում
- Նախագահ. Հասարակական պահանջն արտահայտվում է քաղաքական ուժերի միջոցով
- Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը հայաստանյան հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան