Տրանսպորտի, պետական հիմնարկների, մշակութային օջախների անմատչելիությունը շարունակում է խնդիր մնալ. Արմեն Ալավերդյան
«Եթե համեմատենք քսան տարի առաջ հասարակության վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ և հիմա՝ վիճակն անհամեմատելի է»,-այսօր լրագրողների հետ հանդիմանն ասաց «Ունիսոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը՝ նշելով, որ խղճահարություն կարծրատիպը կոտրվել է:
Ըստ Ալավերդյանի՝ այստեղ շատ կարևոր դեր են ունեցել նաև լրատվամիջոցները՝ խտրական և հուզական տերմինների օգտագործումից խուսափելով:
«Սխալ է օգտգագործել սահմանափակ կարողություններ ունեցող մարդիկ արտահայտությունը, քանի որ ոչ ոք անսահմանափակ կարողություններ չունի»,-նշեց նա:
Անդրադառնալով քաղաքի մատչելիությանը՝ «Ունիսոն» ՀԿ-ի գործադիր տնօրենն ասաց, որ այս պահին ինչ էլ ասի վիճահարույց կլինի. «Որ ասեմ լավն է կամ վատը, երկու տարբերակն էլ վիճահարույց է, սակայն առաջընթաց կա միանշանակ: Հիմնականում հարմարեցված են անցումները»:
Նա նկատեց, որ չափազանց քիչ է հարմարեցված հասարակական տրանսպորտը՝ ընդամենը տասը ավտոբուս. «Ես հորդորում ու խնդրում եմ բոլոր հնարավորություն ունեցողներին՝ չթողնել այդ հարցը միայն քաղաքապետարանի ուսերին, քանի որ քաղաքապետարանը այս տեմպերով շատ դանդաղ կհարմարեցնի ամբողջ տրանսպորտը»:
Ալավերդյանը խնդիրներից առանձնացրեց մշակութային օջախների հարմարեցվածությունը:
«Եվրոպայում բացառվում է, որ պետական հիմնարկները, լուրջ մշակութային, ժամանցի և առևտրային կենտրոնները հարմարեցված չլինեն»,-հավելեց «Ունիսոն» ՀԿ-ի գործադիր տնօրենն՝ ընդգծելով, որ մեզ մոտ դա շարունակվում է չլուծված հարց մնալ:
Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1992-ին 47-րդ նստաշրջանում հատուկ բանաձևով դեկտեմբերի 3-ը հռչակել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր և կոչ արել բոլոր պետություններին ու միջազգային կազմակերպություններին գործակցել ու նշանավորել օրը, որի հիմնական խորհուրդը հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրում է հասարակության մեջ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին