Նաիրա Կարապետյան. Ապրիլին մենք հաղթեցինք… Բանաձևը պարզ էր՝ միասնական էինք բոլորս
ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը գրում է.
«Ապրիլ…
Ադամ, Ռոբերտ, Քյարամ, Արմենակ, Ալիկ, տղաներ, բոլոր-բոլոր մեր նահատակ տղաներ, կներեք…
Մենք ձեզ հայրենիք ենք պարտք, մենք մեր մեծերին ենք հայրենիք պարտք, որ Առաջին պատերազմում ազատագրեցին մեր հայրենիքը, մենք մեր երեխաներին ենք հայրենիք պարտք, որ, հուսով եմ, ապրելու են ուժեղ Հայաստանում:
Ապրիլին մենք հաղթեցինք… Բանաձևը պարզ էր՝ միասնական էինք բոլորս և բոլոր ճակատներով: Չկար դավադրության մասին և որևէ կասկած կամ նշույլ: Ուժեղ էինք, քանի որ միասին էինք: Տղաները բարձր հրամանատարության հետ կռվում էին ռազմի դաշտում, մյուսները՝ դիվանագիտական ճակատում: Բոլորս իրար վստահում էինք…
Համաշխարհային պատմության մեջ խաղաղությունը միշտ էլ հաստատվել է պարտադրված, դա օրինաչափություն է, և մենք դա արդեն արել ենք։ Չենք խնդրել, չենք զիջել, ուժով ենք հաղթել։
Երկու անգամ:
Հաղթել ենք լուռ:
Հաղթել ենք, որովհետև սևերի, սպիտակների, դուրսպրծուկների և «ինչ որ պետք ա, դա էլ բանակցողների», ռազմահայրենասեր շիզոֆրենիկների և ազգի փրկիչների բաժանված չենք եղել, հաղթել ենք, որովհետև մարտական առաջադրանք ենք կատարել, այլ ոչ թե սուրճ խմել անտառում՝ լուսանկարվելով…
Գիտե՞ք մեր հաղթանակների գաղտնիքը՝ Ապրիլյանի տղաները հանուն ոչնչի չեն զոհվել, փամփուշտները զարդերի ձուլված չեն եղել, եկեղեցու հանդեպ մեծ հավատ ու հարգանք է եղել, բանակում ելակն ու վարտիքը չեն եղել առաջնահերթը, և վերջապես՝ 4 օր շարունակ իմացել ենք իրական պատկերը և իրական վտանգները:
Հաղթել ենք, որովհետև վստահ ենք, որ «կիրթ և կառուցողական» չի թշնամին՝ այն վայրենի կենդանին, ով, օրինակ, Ներքին Ճարտարի դպրոցը դասերը սկսելու ժամին նպատակային ռմբակոծել է, ով նահատակ հերոսի կտրված գլխի հետ նկարները հրապարակել է պետական համալսարանի պաշտոնական էջում:
Հաղթանակը չի վաճառվում, հաղթած պատերազմը՝ չի քննվում ինչ-որ ամոթալի հանձնաժողովներում։ Հաղթանակով և այն կերտողներով միայն և միայն հպարտանում են, և ոչ՝ հետապնդում:
Եվս մեկ անգամ խոնարհվում եմ Ապրիլյան պատերազմի բոլոր հերոսների առաջ, այս վերջին պատերազմի բոլոր նահատակների հիշատակի առաջ, Առաջին ազատամարտում ընկած հազարավոր քաջերի հիշատակի առաջ:
Ողջ մնացած մեր հերոսներին էլ՝ խորին շնորհակալություն՝ մենք դեռ ունենալու ենք հաղթանակ:
Աստված պահապան մեր ժողովրդին և երկու պետություններին»։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանի անունից «Եռաբլուր»-ում հարգանքի տուրք է մատուցվել ապրիլյան հաղթական պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակին
- Ապրիլյան պատերազմ. վեց տարի անց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան