ԱՀ ԱԺ-ն կոչ է անում ձևավորել համազգային համախմբում՝ Արցախի ճակատագրին վերաբերող հարցերի շուրջ
ԱՀ Ազգային ժողովը քիչ առաջ ընդունել է հայտարարություն, որով կոչ է անում համահայկական մակարդակով ձևավորել համազգային համախմբում՝ Արցախի ճակատագրին վերաբերող հարցերի շուրջ։
Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
«Արցախի Հանրապետության Ազգային ժողովը` որպես Արցախի ժողովրդի առաջնային մանդատ ունեցող բարձրագույն ներկայացուցչական մարմին, արտահայտելով հասարակական-քաղաքական լայն շրջանակների կարծիքն ու դիրքորոշումը, կոչ է անում համահայկական մակարդակով ձևավորել համազգային համախմբում՝ Արցախի ճակատագրին վերաբերող հարցերի շուրջ:
Համոզված ենք, որ Հայաստանի և Արցախի հանրապետությունները, ունենալով Սփյուռքի հայկական համայնքների լիարժեք աջակցությունը, մեկ բռունցք դառնալով, միասնաբար կարող են դիմագրավել տարածաշրջանային մարտահրավերները՝ պաշտպանելով մեր ազգային շահերը:
Աշխարհաքաղաքական իրողությունների այս բարդ ժամանակահատվածում, երբ Ադրբեջանը, փորձելով տապալել ռուսական խաղաղպահ առաքելությունը, շարունակում է հայկական բնակավայրերի պարբերաբար գնդակոծումը, պայթեցնում է գազամուղը, փորձում ահաբեկել հայրենի հողում բնակվող խաղաղ բնակչին, շարունակում զավթել նորանոր տարածքներ,Արցախի Հանրապետության Ազգային ժողովը վերահաստատում է Արցախի ժողովրդի կամքն ու վճռականությունը 1988 թվականին սկիզբ առած իր պատմական հայրենիքում ազատ ապրելու իրավունքից բխող Ազգային ազատագրական պայքարի տեսլականը:
1991 թվականի Սեպտեմբերի 2-ի հռչակագրով , այնուհետև համաժողովրդական հանրաքվեի միջոցով Արցախի ժողովուրդը միջազգային բոլոր նորմերին համապատասխան ձևավորեց Լեռնային Ղարաբաղի (Արցախ) Հանրապետությունը: 30 տարիների ընթացքում մենք անցել ենք հաղթանակների և անհաջողությունների միջով: 2020թ. սեպտեմբերի 27-ին մեզ պարտադրված ու 44 օր տևած պատերազմի հետևանքով մենք ունեցանք մարդկային և տարածքային կորուստներ: Սակայն ոչինչ և ոչ ոք չի կարող մեզ զրկել ինքնորոշման և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքից: Խոնարhվելով մեր գոյապայքարի բոլոր նահատակների հիշատակի առջև` մեր հավատարմությունն ու պատրաստակամությունն ենք արձանագրում հետևողական լինել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման և տարածքային ամբողջականության վերականգման գործընթացներին:
2020 թվականի 44 օրյա պատերազմից հետո հիմնովին փոխվել է մեր անվտանգային միջավայրը, տարածաշրջանում հաստատված փխրուն խաղաղությունը պահպանվում է Արցախի Պաշտպանության բանակի և ռուսական խաղաղապահ ուժերի ջանքերով: Ինչպես ցույց են տվել վերջին մեկուկես տարիների իրադարձությունները, մեր թշնամիները այսօր էլ շարունակում են Արցախը հայաթափելու իրենց ծրագիրը: Ներկա պայմաններում ՀՀ կողմից Արցախի անվտանգության երաշխավոր լինելու պարտականության ամրագրումը և համահայկական միասնության մթնոլորտի ձևավորումը միայն կարող են բավարար պայմաններ ստեղծել հայ ժողովրդի ապագան հայրենի հողում երաշխավորելու համար:
Հարգելի´ հայրենակիցներ
Հայոց պետականության լինելիության և հայ ժողովրդի անվտանգության բանալին գտնվում է Արցախում», - ասված է հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան